Վերջերս Արցախի մասին նկարահանված Ջիվան Ավետիսյանի «Ղարաբաղ` թաքնված գանձ» փաստավավերագրական ֆիլմը շուտով էկրան կբարձրանա:
Ֆիլմը պատմում է Արցախի աշխարհագրության, պատմության, մշակույթի, ավանդույթների, ազգային կերակրատեսակների, արհեստների և այլնի մասին:
ArtsakhToday.com-ի հետ զրույցում Ջիվան Ավետիսյանը նշել է, որ նպատակը լավ ֆիլմ նկարելն էր, ինչն էլ, ռեժիսորի կարծիքով, ստացվել է:
«Երեք լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն), 35 րոպե տևողությամբ փաստավավերագրական ֆիլմը պատվիրել է ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության զարգացման վարչությունը: Ֆիլմի հետագա ճակատագիրն էլ իրենք են տնօրինելու: Ֆիլմը նկարահանել ենք «Երկիր մեդիա» հեռուստաընկերության ստեղծագործական խմբով, ու հավանաբար շուտով այն կցուցադրենք մեր եթերում»,- ասել է Ջիվան Ավետիսյանը:
Զբոսաշրջության զարգացման վարչությունից տեղեկացրել են նաև, որ պատրաստվում են ֆիլմը բազմացնել տեսասկավառակների տեսքով, որոնք էլ որպես գովազդային նյութեր կբաժանվեն միջազգային տուրիստական ցուցահանդեսների ժամանակ: Հնարավոր է նաև, որ այն ցուցադրվի Արցախի հանրային հեռուստատեսությամբ:
Karabakh a hidden treasure:
Ջիվան Ավետիսյանը «Մխացող պատրույգ», «Արևածագն Արցախում խաղաղ է», «Աննկատ կյանք» ֆիլմերի հեղինակն է:
Քնար Բաբայան / ArtsakhToday.com