Օրեցօր ավելանում են միայնակ ճանապարհորդող կանայք․ որտե՞ղ են նրանք մեկնում և ինչո՞ւ
Միայնակ ճանապարհորդող կանանց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է տղամարդկանց թվին՝ 63% և 37%։
2017 թվականին միայնակ ճանապարհորդող մարդկանց թիվը աճել է։ Ընդ որում՝ կանայք կրկնակի շատ են, քան տղամարդիկ։ Այդ մասին վկայում է Բրիտանական 101 Singles Holidays օնլայն գիդի անցկացրած ուսումնասիրությունը։
Ըստ փորձագետների տվյալների՝ անցյալ տարի միայնակ ճանապարհորդության է մեկնել Մեծ Բրիտանիայի 62 656 քաղաքացի, ինչը 14%-ով ավելի է 2016-ի ցուցանիշից։ Ամենահայտնի ուղղությունները եղել են Իտալիան, Հունաստանը և Իսպանիան։ Բացի այդ, նկատվում է Հնդկաստանի և Շրի Լանկայի հանդեպ հետաքրքրության աճ։ Առավել հաճախ սոլո ճանապարհորդության մեկնում են կանայք։ Նրանց թիվը գրեթե երկու անգամ գերազանցում է տղամարդկանց թվին՝ 63% և 37%։ Հետաքրքիր է, որ դեռևս երեք տարի առաջ այդ հարաբերակցությունը 58% և 42% էր՝ համապատասխանաբար։
Ուսումնասիրությունը նաև ցույց է տվել, որ միջին տարիքը, երբ բրիտանացիները որոշում են ճանապարհորդել առանց ուղեկցի, 57 տարեկանն է։ Այդ տվյալները լիովին համապատասխանում են համաշխարհային միտումներին։ Վիճակագրության համաձայն՝ միայնակ ճանապարհորդող կանանց թիվը 2010 թվականի համեմատ աճել է 78%-ով։ Ընդ որում, 50+ տարիքի մարդիկ սկսել են սոլո ճանապարհորդություն իրականացնել 46%-ով ավելի շատ։
Ակնկալվում է, որ 2018 թվականին միտումը կշարունակվի, և սոլո ճանապարհորդների թիվը կավելանա 11%-ով, համենայնդեպս՝ Մեծ Բրիտանիայում։
Հոգեբանների կարծիքով՝ առանց գիդի, խմբերի և նույնիսկ ընտանիքի անդամների ուղեկցության հանգիստը ունի իր պլյուսները։ Դրանց թվում են շրջակայքի հետ հաղորդակցվելու ավելի մեծ հնարավորությունը, յուրօրինակ զգայական փորձը, ինչպես նաև՝ ինքդ քեզ ու ներաշխարհդ ճանաչելու հնարավորությունը։