«Մեկ անգամ Հայաստանում». զբոսաշրջային պատմությունների մրցույթ

«Արմենիա» ավիաընկերությունը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում են «Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթ: Ակնկալվում է պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

Մրցույթին կարող են ներկայացվել պատմություններ հետևյալ բովանդակությամբ.

– Պատմություն, որի հերոսը հեղինակն է
– Պատմություն, որի կենտրոնում Հայաստան այցելած զբոսաշրջիկն է

Մասնակցության պահանջներն են.
– Տեքստի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 500 բառը:
– Պատմությունները պետք է ներկայացվեն հայերենով:
– Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած երկրից:
– Մրցույթը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և կավարտվի 2018 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ին:
– Պատմությունները պետք է ուղարկել contest@armenpress.am հասցեին` Մի անգամ Հայաստանում թեմայով (subject line):
– Պատմությունների հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ բարձր որակի լուսանկար, որը կհրապարակվի պատմության հետ (անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է):
– Ներկայացվող պահանջները չբավարարող հայտերը կորակազրկվեն և մրցույթին չեն մասնակցի:
– Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունվարի 20-ին:
– Պարգևատրման արարողության մասին կհայտարարվի լրացուցիչ:

Մրցույթի մասնակիցը երաշխավորում է.
– Պատմության հեղինակը լինելու հանգամանքը:
– Պատմության նախկինում որևէ կերպ չհրապարակված լինելը (տպագիր կամ էլեկտրոնային տեսքով):
– Այն, որ պատմությունը գրվել է հատուկ Մեկ անգամ Հայաստանում մրցույթի համար:

Մրցանակ
Մրցույթի արդյունքում կընտրվի երկու հաղթող` յուրաքանչյուր բովանդակության համար մեկական մրցանակ:
Հաղթողները կստանան անվճար անվանական տոմս Երևան-Բեյրութ-Երևան կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղությամբ:

Մրցույթին ներկայացված և որակավորում ստացած բոլոր պատմությունները հրապարակվելու են www.armenpress.am կայքի «Մեկ անգամ Հայաստանում» խորագիրը կրող հատուկ բաժնում:

Մրցույթի հաղթողներին կորոշի «Արմենիա» ավիաընկերության, Արմենպրես լրատվական գործակալության և ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի համատեղ ժյուրին: