Դալլասից (Տեխաս նահանգ) օդաչուն 2015 թվականից հաշիվ է բացել Instagram-ում, որտեղ տեղադրում է իր մնացած հյուրանոցային տարբեր համարների գորգերի լուսանկարները։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով BuzzFeed-ին։
Այդ գաղափարը ծագել է Բիլլ Յանգի գլխում, երբ նա հանգստացել է չվերթների ընդմիջմանը հյուրանոցներից մեկում և նկատել տարօրինակ գորգ։ Իր գործուղումները հետաքրքրացնելու համար նա որոշել է լուսանկարել հյուրանոցային համարների յուրօրինակ գորգերն ու տեղադրել այդ լուսանկարները համացանցում։
«Դա ինձ զվարճալի թվաց։ Որոշ գորգերի վրա տարօրինակ խորհրդանիշեր են, մյուսների վրա՝ նկարներ և նշաններ։ Որքան տարօրինակ, այնքան՝ հետաքրքիր»,-պատմել է Յանգը։
Երկու տարվա ընթացքում նրա @MyHotelCarpet հաշիվը հավաքել է ընդամենը 82 բաժանորդ։ Բայց ամեն ինչ փոխվել է, երբ Բիլլի 19-ամյա դուստր Ջիլ Յանգը իր Twitter-ի և Instagram-ի էջերում դիմել է իր բաժանորդներին․ «Միակ բանը Ամանորին, որ ես ցանկանում եմ, այն է, որ իմ հոր՝ հյուրանոցային գորգերի մասին ինստագրամյան էջը «արագ տարածվի»։ Խնդրում եմ, օգնեք, որ դա կատարվի»։
Օգտատերերը գնահատել են աղջկա նախաձեռնությունն ու սկսել ակտիվորեն բաժանորդագրվել Բիլլի էջին։ Կես օրվա ընթացքում նրա ֆոլովերների թիվն հասել է 430 հազարի։ Ներկայումս նրանք 520 հազար են և այդ թիվը ժամ առ ժամ աճում է։