The Telegraph պարբերականի լրագրողները ուսումնասիրել են աշխարհի հայտնի տուրիստական ուղղությունների տվյալները։ Լրագրողները պարզել են, թե ինչու է այս կամ այն երկիրը համարվում համար մեկն աշխարհում։
Այսպիսով, ԱՄՆ-ում աշխարհում ամենաշատ օդանավակայաններն են (դրանք 13 513 են), ավիաթռիչքները (9 553 214 թռիչք 2014 թվականին) և ամենաերկար երկաթուղային ցանցը (224 792 կմ)։
Վենեսուելայում վաճառվում է ամենամատչելի բենզինը։ Այստեղ մեկ լիտրի համար պետք է վճարել ընդամենը 0,01 դոլար։ Ֆրանսիան ճանաչվել է ամենաշատ այցելվող երկիրը աշխարհում։ 2015 թվականին Էյֆելյան աշտարակն ու երկրի մյուս տեսարժան վայրերը տեսնելու համար այստեղ է այցելել 84,5 միլիոն մարդ։ Բացի այդ, Ֆրանսիան առաջատար է Միշլենյան աստղ ունեցող ռեստորանների քանակով։ Կոստա Ռիկան ճանաչվել է ամենաուրախ երկիրն աշխարհում, Սան Մարինոն՝ ամենաանվտանգը։
Մալդիվները առանձնանում են նրանով, որ երկրում գրանցվել են ամենաշատ ամուսնալուծությունները։ Այստեղ տեղաբնակ կանայք 30 տարեկանում, հիմնականում, հասցնում են բաժանվել երրորդ անգամ։ Հարավային Կորեան համարվում է համաշխարհային առաջատարը ինտերնետի արագությամբ։ Բացի այդ, այս երկրում 4G ցանցի ամենալավ հասանելիությունն է։ Հնդկաստանում ամենացածր գներն են, Եգիպտոսում՝ «ամենամատչելի համբուրգերները»։
Անդորրան հայտնի է աշխարհում ամենամեծ գինու պահանջարկով։ Իտալիայն առաջատար է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում առկա օբյեկտների թվով։ Չինաստանը №1-ն է անգլերենին չտիրապետող մարդկանց թվով։ Իսկ Հոնգկոնգը ամենաուրբանիզացված երկիրն է։ Երկրի բնակչության 100%-ը բնակվում է քաղաքներում։