Բահամյան կղզիներում հայտնաբերվել է հյուրանոց հատուկ plus-size զբոսաշրջիկների համար։ Այն բացվել է դեռևս երկու տարի առաջ, բայց մամուլը նրա գոյության մասին իմացել է միայն հիմա․ հայտնում է ABC News-ը։
Հյուրանոցի սեփականատեր Ջեյմս Քինգը նախագիծը մտահղացել է դեռևս 15 տարի առաջ, երբ նոր էր սկսել աշխատել զբոսաշրջային բիզնեսում։ Իր առաջին աշխատանքային օրը հյուրանոցում նա տեսել է, թե ինչպես է գեր զբոսաշրջուհու տակ կոտրվում շեզլոնգը։ Քինգի խոսքերով՝ ամբողջ լողափը ծիծաղել է զբոսաշրջուհու վրա, իսկ դա նրան ստիպել է լացել։ Բացի այդ, հյուրանոցը ստիպել է կնոջը վճարել 150 դոլար կոտրված շեզլոնգի համար։ Քինգը խղճացել է կնոջը և որոշել մի օր հյուրանոց բացել, որտեղ հարմարավետ կլինի բոլորին՝ անկախ քաշից։
The Resort («Առողջարան») հյուրանոցը միաժամանակ ընդունում է առավելագույնս 24 զբոսաշրջիկ։ Վեց գիշերվա համար զբոսաշրջիկը պետք է վճարի 16,4 հազար դոլար, որի մեջ է մտնում նաև սնունդը։
Հյուրանոցի մահճակալներն ու շեզլոնգները կարող են դիմանալ մինչև 680 կիլոգրամ քաշի։ Ջեյմս Քինգը դրանք պատվիրել է և պահանջել, որ արտաքնապես չտարբերվեն սովորական կահույքից։
Սակայն կարևորը, ինչպես նշում է սեփականատերը, էմոցիոնալ աջակցությունն է, որը ծագում է հյուրերի մոտ։ «Միայն մեզ մոտ են տղամարդիկ համարձակվում լողավազանի մոտ դուրս գալ առանց շապիկի, իսկ կանայք կրում առանձին լողազգեստ», —նշում է նա;
Սեփականատիրոջ խոսքերով՝ հյուրանոցը մեծ հաջողություն ունի։ Աշխատանքի առաջին տարում այն զբաղեցվել է շուրջ 65 տոկոսով, երկրորդ տարում՝ 90։ Մեծ քաշ չունեցող հյուրերին ևս հյուրանոցում սիրով ընդունում են։
Ջեյմս Քինգը մտադիր չէ նման հյուրանոցների ցանց ստեղծել։ Նա կցանկանար, որ բոդիպոզիտիվի գաղափարը տարածվել գործող այլ հյուրանոցներում ևս։