Հավերժական քաղաքի գլխավոր տեսարժան վայրերից մեկը՝ հռոմեական Պանթեոն այցելությունը 2017 թվականի վերջին կդառնա վճարովի։ Այդ մասին հայտնում է The Telegraph-ը։ Իտալիայի Մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին օրերս հայտարարել է, որ Պանթեոնը 1900-ամյա իր պատմության մեջ առաջին անգամ կդադարի անվճար լինել։ Նրա խոսքերով՝ նորարարությունը ուժի մեջ կմտնի արդեն 2017 թվականի վերջին։ Իտալական մայրաքաղաքի հենց սրտում գտնվող «բոլոր աստվածների տաճարի» մուտքը կարժենա 3 եվրո։
Պանթեոնի մուտքի համար վճար ներդնելու հարցը իշխանությունները քննարկում էին դեռևս հունվարից։ Այժմ Դ․ Ֆրանչեսկինին հայտարարել է, որ հարցի լուծումը գտնվում է վերջնական փուլում։ Ենթադրվում է, որ տոմսերի վաճառքից ստացված հասույթի մեծ մասը կծախսվի Պանթեոնի ծախսերը հոգալու համար։ Մնացածը կտրամադրվի բարեգործության։
Պանթեոն օրական այցելում է շուրջ 30 000 զբոսաշրջիկ և ավելի քան 7 միլիոն մարդ՝ տարեկան։ 126 թվականին կառուցված այս կառույցը ամենալավ պահպանված հին հռոմեական ճարտարապետական հուշարձաններից մեկն է։ Այն գմբեթի կենտրոնում ունի 9 մետր տրամագծով կլոր անցք, որն էլ տաճարում լույսի միակ աղբյուրն է։
Պանթեոնն աշխատում է ամեն օր 09:00-ից 19:00-ն։ Տաճարը գտնվում է Հռոմի պատմական կենտրոնում՝ Piazza della Rotonda-ում։