Շատ զբոսաշրջիկներ ճանապարհորդությունից իրենց հետ բերում են այնպիսի անվճար հուշանվերներ, ինչպիսիք են՝ խխունջները, տարօրինակ տեսքով քարերը կամ, նույնիսկ, հյուրանոցային համարի խնամքի պարագաները։ Սակայն ամերիկյան զբոսաշրջիկները, ովքեր իրենց հետ, որպես հուշանվեր, տարել էին Իսլանդիայից հրաբխային ավազ, որոշել են այն վերադարձնել երկրին։
2017 թվականի հունվարին Ջոանը և նրա 11-ամյա դուստր Էվանջելինան այցելել են Իսլանդիա, որտեղ հիացել են Հյուսիսափայլով։ Վիկ գյուղի մոտ գտնվող լողափերից մեկը այնքան է հիացրել նրանց իր գեղեցկությամբ, որ զբոսաշրջուհիները որոշել են իրենց հետ Վիրջինիա նահանգ տանել հրաբխային ծագման քար և ավազ։
Ավելի ուշ Ջոանն իմացել է, որ արգելվում է տեղափոխել երկրի բնական ժառանգություն համարվող իրեր։ Այդ պատճառով զբոսաշրջուհիները ավազն ու քարը Իսլանդիայի Տուրիզմի նախարարություն են ուղարկել ծանրոցով՝ գրավոր ներողություն խնդրելով։
Նախարարության ներկայացուցիչները այնքան են հուզվել նրանց այդ քայլից, որ այդ նորությամբ կիսվել են իրենց Facebook-յան պաշտոնական էջում։