Համացանցում հրապարակվել են Բելիզի Blackadore Caye կղզում գտնվող համանուն էկոառողջարանի նախագծի նկարները, որը պատկանում է Լեոնարդո Դի Կապրիոյին։ Ինչպես հայտնում է Lenta-ն՝ հյուրանոցային համալիրը մտադիր են բացել 2018 թվականին։
Առողջարանն ունի 68 վիլլա և 48 մասնավոր տուն։ Յուրաքանչյուր օբյեկտի արժեքը կազմում է հինգից 15 միլիոն դոլար։
Ինչպես նշվում է նախագծի կայքում՝ առողջարանը կգործի ամբողջությամբ վերականգնվող էներգիայի աղբյուրներով։ Շրջակա միջավայրին հասցվող վնասը նվազագույնին հասցնելու համար նախագծի հեղինակները աշխատել են 12 տարի․ Դի Կապրիոն կղզին գնել է 2005 թվականին 1,75 միլիոն դոլարով։
Այդ ընթացքում այստեղ կատարվել է մանգրենի անտառների փոխպատվաստում, իսկ ջրի տակ հայտնվել են արհեստական խութեր, որոնք կհեշտացնեն ծովային կենդանիների կյանքը։