Passport Index-ի վարկածով՝ ամենաանհյուրընկալ երկրներն աշխարհում ճանաչվել են Աֆղանիստանը, Հյուսիսային Կորեան, Սոմալին և Թուրքմենիստանը։ Ինչպես հայտնում է ընկերության կայքը՝ այս երկրներ մեկնելու համար, առանց բացառության, բոլոր երկրների քաղաքացիները պետք է ունենան մուտքի արտոնագիր կամ այլ թույլատրող փաստաթուղթ․ գրում է Lenta-ն։
Երկրորդ տեղում հայտնվել է Անգոլան։ Այս երկիր առանց մուտքի արտոնագրի կարող են այցելել միայն Նամիբիայից զբոսաշրջիկները։
Երրորդ հորիզոնականը բաժանել են Բութանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքը և Լիբանանը։ Այս երկրներից յուրաքանչյուրը առանց վիզայի թույլատրում է միայն երեք երկրի զբոսաշրջիկների մուտքը։
Ռուսաստանը 42 պետություն արդյունքով զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը։ Ընդհանուր առմամբ, վարկանիշային աղյուսակում ներգրավված են եղել 198 երկիր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամենահյուրընկալ երկրներ են ճանաչվել Կոմորոսը, Կոտ դ ‘Իվուարը, Գվինեա-Բիսաուն, Մադագասկարը, Մալդիվները, Մավրիտանիան, Միկրոնեզիայի Ֆեդերատիվ Նահանգները, Մոզամբիկը, Սամոան, Սեյշելները, Արևելյան Թիմորը, Տոգոյական Հանրապետությունը, Տուվալուն և Ուգանդան: Նրանք պատրաստ են թույլ տալ բոլոր երկրների քաղաքացիների մուտքը՝ առանց վիզաների: