Կանադայում բացվել է աշխարհի ամենաերկար զբոսաշրջային արահետը: Այն ստացել է The Great Trail անվանումը: Այդ մասին հայտնում է օբյեկտի պաշտոնական կայքը. գրում է Lenta-ն:
22 հազար կիլոմետր երկարությամբ ձգվող երթուղին ընդգրկում է երկրի բոլոր նահանգներն ու տարածքները և անցնում 15 հազար բնակավայրերով:
Արահետը ստեղծելու գաղափարը ծագել է երեք կանադացի ճանապարհորդների գլխում դեռևս 1992 թվականին: Սակայն համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու, երթուղին համապատասխան ցուցանակներով, նշաններով և այլ պարագաներով համալրելու համար պահանջվել է 25 տարի: Նշվում է, որ ճանապարհի մեծ մասը կառուցել են կամավորները:
Արահետի որոշ հատվածներ կարելի է անցնել ոտքով, հեծանիվով, ձիով կամ ձնագնացով: Բացի այդ, երթուղու 26 տոկոսը կազմում են ջրային հատվածները: Մեծ բնակավայրերում, ինչպիսիք են՝ Հալիֆաքսը, Մոնրեալը կամ Օտտավան, ճանապարհն անցնում է կենտրոնով և հետիոտնային փողոցներով, ինչն էլ թույլ է տալիս զբոսաշրջիկներին ծանոթանալ ոչ միայն բնությանը, այլև՝ քաղաքային մշակույթին:
Սեպտեմբերի սկզբին հայտնի դարձավ, որ Rough Guide ուղեցույցը Կանադան ընդգրկել է աշխարհի ամենագեղեցիկ երկրների ցանկում: Այն գտնվում է երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն Շոտլանդիային: