«Սյունիք» օդանավակայանի վերագործարկմանն ուղղված աշխատանքների շրջանակներում մեկնարկել է նաև օդանավակայանի շենքի կառուցման գործընթացը»,—այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սյունիքի մարզպետի խորհրդական Ռոբերտ Հայրապետյանը՝ տեղադրելով նաև կառույցի նախանմուշի լուսանկարները:
Նշենք, որ օդանավակայանի վիճակը գնահատելու, առկա թերությունները շտկելու նպատակով՝ հունիսի 8-ին Կապան քաղաքի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարեց առաջին օդանավը: Մարզպետ Վահե Հակոբյանը մարզի օդանավակայանում փորձնական վայրէջք կատարած առաջին օդանավի առաջին ուղևորն էր:
Հիշեցնենք՝ խորհրդային տարիներին գործարկված, սակայն 1990-ականներից հետո օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով աշխատանքը դադարեցրած Կապանի օդանավակայանի վերակառուցման մեկնարկը տրվեց այս տարվա մարտի 30-ին՝ ֆլեշմոբով:
Օդանավակայանը կանոնավոր թռիչքներ կսկսի իրականացնել համալիրի շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո: Օդանավակայանի գործարկմամբ՝ Կապանից Երևան և հակառակ ուղղությամբ հնարավոր կլինի հասնել շուրջ 40 րոպեում: Աղբյուրը՝ Radiovan