Հռոմում սահմանափակել են երեկոյան և գիշերը ալկոհոլի օգտագործումն ու վաճառքը։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Local-ին։
Այսուհետ ապակե շշերով սպիրտային խմիչքներ օգտագործել չի թույլատրվում իտալական մայրաքաղաքի փողոցներում երեկոյան ժամը տասից հետո և մինչև առավոտյան յոթը։ Իսկ կեսգիշերն անց արգելքը տարածվում է բոլոր ալկոհոլային խմիչքների վրա՝ անկախ տարայից։
Բացի այդ, երեկոյան ժամը տասից հետո սուպերմարկետները իրավունք չունեն վաճառել ալկոհոլ։ Գիշերվա երկուսից հետո էլ ալկոհոլային խմիչքներ չի կարելի գնել նաև բարերում և ակումբներում։ Սպիրտային խմիչքի օգտագործումը չթույլատրված ժամին և չթույլատրված տեղում կհանգեցնի 150 եվրո տուգանքի, իսկ վաճառքը՝ 280 եվրո։
Կանոնը կգործի մինչև հոկտեմբերի վերջ։ «Մենք չենք ցանկանում, որ հռոմեական ամառային երեկոները խաթարվեն ալկոհոլի չարաշահման պատճառով», —այսպես է քաղաքագլուխ Վիրջինիա Ռաջին մեկնաբանել նոր նորմերը։
Շատ տեղաբնակներ և գործարարներ դժգոհել են քաղաքում չոր օրենքի կիրառման առթիվ՝ նշելով, որ դա սահմանափակում է քաղաքացիների իրավունքը։ Շատերը նույնիսկ նկատել են, որ այդ կանոնը չի վերաբերում միայն Օտտավիա թաղամասին, որտեղ ապրում է Ռաջին։