Ararat Park Hyatt Moscow հյուրանոցը հաղթող է ճանաչվել «Ռուսաստանի լավագույն հյուրանոց» անվանակարգում: European Hotel Awards-ի հաղթողների անունները հայտարարվել են գալա-ընթրիքի հանդիսավոր արարողությանը, որը տեղի է ունեցել Լոնդոնում 2012 թվականի հունվարի 18 -ին. այս մասին հայտնում է հյուրանոցի մամլո-ծառայությունը: International Hotel Awards մրցանակաբաշխությունը ստեղծվել է հեղինակավոր International Property Awards մրցանակաբաշխության հիման վրա, որը առաջին անգամ տեղի է ունեցել 16 տարի առաջ և, որի մրցանակին արժանանալը նշանակում էր, որ հյուրանոցը միջազգային մակարդակի է: Քանի որ մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացնում մեծ թվով հյուրանոցային ընկերություններ, որոշում է կայացվել առանձնացնել հատուկ «հյուրանոցային» մրցանակաբաշխություն:
International Hotel Awards մրցանակը տրվում է տարբեր անվանակարգերում, այդ թվում` լավագույն ճարտարապետություն, լավագույն դիզայն, ինչպես նաև` «լավագույն սպա-հյուրանոց», «լավագույն բիզնես-հյուրանոց» և այլն: Մասնակիցների գնահատման գործընթացը սկզբում տեղի է ունենում երկրի մակարդակով, հետո միայն` առավելագույն միավորներ հավաքած մասնակիցները գնահատվում են միջազգային հանձնաժողովի կողմից:
Միջազգային հանձնաժողովը կազմված է 20 պրոֆեսիոնալներից, որոնց թվում են` Ջեյմս Բեկոնը (James Bacon)` Google ընկերության հաճախորդների հետ աշխատանքի մենեջերը(Մեծ Բրիտանիա), Պիտեր Քրոմը (Peter Crome)` Skibo Castle-ի տնօրենը (Շոտլանդիա), Մայք ՄաքՆամարան (Mike McNamara)` Royal Bank of Scotland (RBS), Դեյվիդ Դեբլին (David Dalby)` Royal Institute of Chartered Surveyors (RICS) և Ռեբեկա Ջոնսոնը (Rebecca Johnson)` Բլումբերգ հեռուստաընկերություն (հաղորդումներ նվիրված հյուրանոցային բիզնեսին):
Ararat Park Hyatt Moscow հյուրանոցի գլխավոր մենեջեր Սթիվեն Անսելը նշել է. «Մենք շատ ուրախ ենք ընդունել այս հեղինակավոր մրցանակը և անհամբերությամբ սպասում ենք հաջորդ տարվա մասնակցությանը, քանի որ վստահ ենք, որ հյուրանոցի վերանորոգումից հետո այն կդառնա ժամանակակից շքեղության նոր օրինակ Մոսկվայում` հյուրերին պարգևելով անհավանական տպավորություններ»: