Ամռանը Իսպանիայի ճանապարհներով ավտոմեքենայով երթևեկում են բազմաթիվ զբոսաշրջիկներ։ Ճանապարհային ոստիկանությունը սկսել է տուգանել բոլոր այն վարորդներին, որոնց հագուստն ու կոշիկները կարող են խանգարել կառավարել տրանսպորտային միջոցները։ Մասնավորապես, տուգանք կարելի է ստանալ հողաթափերով երթևեկելու համար, որոնք կարող են սահել ոտնակից ամենաանհարմար պահին կամ մնալ գազի կամ արգելակման ոտնակի տակ։
Ոստիկանների ուշադրությունը գրավում են նաև կիսամերկ վարորդները։ Վթարի ժամանակ հագուստի բացակայությունը կարող է հանգեցնել ավելի լուրջ վնասվածքների, քան կարող էր լինել շապիկով կամ վերնաշապիկով լինելու դեպքում։ Ոչ ճիշտ հագուստի կամ կոշիկի համար սահմանված է 80 եվրո տուգանք։
Ոստիկանությունը նաև կարող է տուգանել վարորդին, եթե առջևի ուղևորը ոտքերը դնի գործիքակալի վրա կամ դուրս հանի պատուհանից։ Վթարի դեպքում, երբ բացվի անվտանգության բարձիկը, այդ մարդը ավելի շատ վնասվածք կստանա, քան նորմալ նստելու դեպքում։ Ուղևորի նման վարքի համար վարորդին կարող են տուգանել 100 եվրո։