Ատրակցիոնների ամենամեծ նպատակը դրանցից օգտվողներին անմոռանալի տպավորություններ պարգևելն է։ Այդ պատճառով հատկապես պոպուլյար են էքստրեմալ և վտանգավոր ատրակցիոնները․ արկածասերների մեծ բազմությունը պատրաստ է ժամերով հերթ կանգնել հերթական սարսափելի ատրակցիոնով մի քանի վայրկյան թռիչքի կատարելու համար։ Պատրա՞ստ եք ծանոթանալ ամենաներին։ Կապեք ամրագոտիները, գնացինք։
Formula Rossa. Ferrari Park, Աբու Դաբի, ԱՄԷ
Ամենաարագ ամերիկյան բլրակի հպարտ անվանումը աշխարհում կրում է Աբու Դաբիում 2010 թվականին բացված Formula Rossa-ն։ Ատրակցիոնը զարգացնում է մինչև 240 կմ/ժ արագություն 4,9 վայրկյանում՝ շնորհիվ քարաձիգի նման համակարգի։ Իր տեսքով բլրակը նման է իտալական Մոնցա ավտոդրոմի մրցավազքային մայրուղուն։ Բարձր արագության պատճառով բոլոր այցելուները կրում են պաշտպանիչ ակնոց նախքան, միգուցե, իրենց կյանքի ամենատպավորիչ պահերին անցնելը։
X-Scream. Լաս Վեգաս, ԱՄՆ
Լաս Վեգասի Ստրատոսֆերա հյուրանոց-խաղատան տանիքին գտնվող X-Scream բլրակը համարվում է իր տեսակի մեջ ամենաբարձր ատրակցոնն աշխարհում՝ 264 մ։ Էքստրիմի սիրահարներին առաջարկվում է նստել վագոնում, որը դուրս է գալիս շենքից և թռչում ցած։ Ատրակցիոն նստած «երջանիկները» պատմում են, որ նրանք մեծ բարձրությունից ցած ընկնելու զգացություն են ունեցել։
Kingda Ka. Նյու Ջերսի, ԱՄՆ
Նյու Ջերսիի Six Flags այգում գտնվող Kingda Ka-ն համարվում է ամենաբարձր ատրակցիոնը աշխարհում։ Սուր զգացողությունների սիրահարներին առաջարկվում է ցած սլանալ 139 մ բարձրությունից։ Ամբողջ հաճույքը տևում է 28 վայրկյան։ Սակայն, շատերի համար սա բնավ հաճույք չէ, այլ՝ ուժի ստուգում։
Takabisha. Ֆուջիեդիդա, Ճապոնիա
Ֆուջի լեռից ոչ շատ հեռու գտնվող Takabisha-ն պարտադիր կետ է էքստրիմի սիրահարների քարտեզի վրա։ Ահա մի քանի փաստ այս ատրակցիոնի մասին․ անկման անկյունը 121° է և համարվում է ամենաթեքը աշխարհում, իսկ որոշ հատվածներում այն պոկվում է ռելսերից և շարունակում շարժումը մագնիսային բարձիկներով։ Կտրվում է ռելսերից, պատկերացնու՞մ եք։
Giant Canyon Swing. Կոլորադո, ԱՄՆ
Հսկա ճոճանակը տեղադրված է անդունդի վրա 400 մ բարձրությամբ։ Ատրակցիոնը զարգացնում է մինչև 80 կմ/ժ արագություն և համարվում ամենասարսափելիներից մեկն աշխարհում։ Giant Canyon Swing-ի հեղինակները հպարտությամբ հայտարարում են, որ դեռևս չկա համարձակ մեկը, ով կհամաձայնի երկրորդ անգամ օգտվել այս ատրակցիոնից։ Զարմանալի չէ, նույնիսկ տեսանյութը նայելը սարսափելի է։
Top Thrill Dragster. Օհայո, ԱՄՆ
2003 թվականին Օհայոյում բացված բլրակը դարձավ առաջինը, որի բարձրությունը 120 մ-ից ավել էր։ Ատրակցիոնը բացումից հետո երկար ժամանակ համարվում էր ամենաբարձրն ու ամենաարագը, իսկ անկման ժամանակը համարվում էր ամենաերկարը։ Եվ նույնիսկ հիմա՝ գրեթե 15 տարի անց, բլրակը այդ բոլոր ցուցանիշներով աշխարհի թոփ-3-ում է։
Insano. Ֆորտալեզա, Բրազիլիա
Insano-ն պորտուգալերենից թարգմանաբար նշանակում է «աննորմալ»։ Թերևս, դա լավագույն նկարագիրն է ջրային բլրակի համար, որը բացվել է 1989 թվականին և երկար ժամանակ ընդգրկված էր Գինեսի Ռեկորդների գրքում՝ որպես ամենաբարձրը աշխարհում։ Համարձակներին առաջարկվում է բառացիորեն ցած սլանալ 41 մ բարձրությունից՝ զարգացնելով շուրջ 100 կմ/ժ արագություն։ Թռիչքի ժամանակը շուրջ 5 վայրկյան է։
Verrukt. Կանզաս, ԱՄՆ
2014 թվականից աշխարհի ամենաբարձր ջրային ատրակցիոնի պատվավոր անունը կրում է Verrukt բլրակը, որը գտնվում է Կանզասում։ Նրա հեղինակները հպարտորեն նշում են, որ «Խենթը» Նիագարա ջրվեժից բարձր է։ Սուր զգացողությունների սիրահարները պետք է բարձրանան 52 մ բարձրության վրա, որպեսզի օգտվեն այս բլրակ-կամիկաձեից։ Հետաքրքիր է՝ ձեզնից շատերը կհամարձակվեի՞ն բարձրանալ այս բարձրության վրա։
Insanity. Լաս Վեգաս, ԱՄՆ
274 մ բարձրության վրա գտնվող այս կարուսելը, որն ունի ոչ պակաս խոսուն անուն՝ «Խելացնորություն», առաջարկում է այցելուներին զբաղեցնել հարմարավետ բաց բազկաթոռները և պտտվել Լաս Վեգասի վրայով 65 կմ/ժ արագությամբ։ Բնականաբար, դեմքով դեպի ներքև։
Sky Scream. Holiday Park, Ռեյնլանդ Պֆալց, Գերմանիա
2014 թվականին բացված Sky Scream ատրակցիոնը ոչ ամենաբարձրն է, ամենաարագը աշխարհում։ Այնուամենայնիվ, այն գրավում է հազարավոր համարձակների։ Նրա գրավչությունը օրիգինալությունն է․ պտտույտներն այնքան անսպասելի են, որ նույնիսկ ամենափորձված էքստրեմալները լքում են ատրակցիոնը լայն բացված աչքերով։