Գերմանիան զբոսաշրջիկներին հրավիրում է համեղ ուտելու

Գերմանիայի Տուրիզմի ազգային խորհուրդը մտադիր է թողարկել երկու գովազդային ակցիա զբոսաշրջիկների հոսքը մեծացնելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավար Պետրա Հեդորֆերը Germany Travel Mart ցուցահանդեսի ժամանակ Նյուրնբերգում։

Եվրոպայի ամենահայտնի զբոսաշրջային վայրերի ցանկում Գերմանիան զբաղեցնում է  երկրորդ հորիզոնականը։ Անցյալ տարի այստեղ այցելել է  53,6 միլիոն հյուր, ովքեր երկրի հյուրանոցներում անցկացրել են 80,8 միլիոն գիշեր։ Ի դեպ, զբոսաշրջիկների թվով Եվրոպայում առաջատար է Իսպանիան՝  61,9 միլիոն հյուրով։

Զբոսաշրջիկների հոսքն ավելացնելու համար Գերմանիայի Տուրիզմի ագային խորհուրդը կթողարկի երկու գովազդային ակցիա։ Այս տարի կարգախոսը կլինի  «Գերմանիա․ Պարզապես ոգևշնչում»։ Պետրա Հեդորֆերի խոսքերով՝ ակցիայի նպատակը կլինի տնտեսական ճգնաժամի և ահաբեկչական սպառնալիքների ֆոնին ցուցադրել Գերմանիայի  անկրկնելի գրավչությունը, ստեղծել այստեղ այցելելու համար նոր պատճառներ։

2018 թվականին կթողարկվի «Գրմանիայի խոհարարությունը» ակցիան, որը կխթանի գաստրոնոմիական տուրիզմը։ Ըստ վիճակագրության՝ զբոսաշրջիկների 4%-ը ընտրում է  այս երկիրը համեղ ուտելու համար։

Նշենք, որ Գերմանիան հայտնի է  աշխարհին իր մսային նրբախորտիկներով և գարեջրով։ Երկրում արտադրվում է ավելի քան 1 500 տեսակի երշիկ և նրբերշիկ։ Բացի այդ, Գերմանիայի այցեքարտ են համարվում  շոգեխաշած կաղամբը և մսով ու կարտոֆիլով շտրուդելը։

You might also like