Նորզելանդական Վելլինգտոնը ճանաչվել է լավագույն քաղաքն աշխարհում բնակության համար՝ ըստ Deutsche Bank-ի վերլուծաբանների։ Այդ մասին հայտնում է Stuff.co.nz պորտալը։
Փորձագետները վերլուծել են տարբեր երկրների քաղաքներ այնպիսի պարամետրերով, ինչպիսիք են՝ ապրելու համար անհրաժեշտ նվազագույն գումարը, օդի աղտոտվածության մակարդակը, կլիման, անշարժ գույքի գները, քրեական և առողջապահական վիճակը։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում հայտնվել է Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգը։ Ավստրիական Վիեննան եզրափակել է առաջատարների եռյակը։ Չորրորդ տեղը զբաղեցրել է ավստրալիական Մելբուռնը, հինգերորդը՝ Ցյուրիխը (Շվեյցարիա)։
Տասնյակում նվազման կարգով տեղ են գտել նաև դանիական Կոպենհագենը, Օտտավան (Կանադա), ամերիկյան Բոստոնը և Ամստերդամը։ Վերջին՝ 10-րդ հորիզոնականը բաժին է հասել ավստրալիական Սիդնեյին։
Մարտին հայտնի դարձավ, որ Mercer ընկերության մասնագետները բնակության համար ամենավատ մայրաքաղաք են ճանաչել Բաղդադը, իսկ ամենալավը՝ Վիեննան։