«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ մայիսի 7-ին Ծաղկաձորում կկազմակերպի «Կոնյակի փառատոն»: Այս մասին տեղեկացրել է «Կոնյակի փառատոն» ծրագրի ներկայացուցիչ Արա Խզմալյանը:
Փառատոնի նպատակն է հայկական կոնյակի միջազգային ճանաչման բարձրացումը, ինչպես նաև ավանդական և նոր շուկաներում դրա հանրայնացումը:
Նախատեսվում է, որ փառատոնին կմասնակցեն կոնյակագործությամբ զբաղվող 30 ընկերություն:
Խզմալյանի խոսքով, նման միջոցառումները զբոսաշրջության խթանման նախապայման են:
«Այսօր մեծ կարևորություն է տրվում զբոսաշրջության զարգացմանը, քանի որ այն տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժերից է»,- ասել է Խզմալյանը, գրում է Panorama.am-ը:
Նրա խոսքով, վերջերս Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը ներկայացնող շնորհանդեսը, որի նպատակն էր բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը և խթանել զբոսաշրջային արդյունքը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է հայկական խոհանոցային մշակույթը, կազմակերպվել է ուտեստների և ոգելից խմիչքների համտես:
«Զբոսաշրջության զարգացման հիմնադրամի» նախագահ Տիգրան Կարապետյանն ասել է, որ առհասարակ, կոնյակագործությունն այն ոլորտներից է, որն իսկապես կարող է հետաքրքրել զբոսաշրջիկներին, որոնք կգան Հայաստան, կծանոթանան և երկրին, և հայկական կոնյակի ավանդույթներին:
«Մենք սպասում ենք մեծ թվով զբոսաշրջիկների՝ հատկապես Ռուսաստանից, քանի որ ՌԴ քաղաքացիներն իրենց ներքին անձնագրերով կարող են գալ Հայաստան: Փառատոնի թիրախային շուկան հիմնականում ՌԴ-ն է, ընդհանուր առմամբ, ակնկալվում է, որ փառատոնին կմասնակցի 25 հազարից ավելի մարդ»,- ասել է Կարապետյանը:
Նա հայտնել է, որ փառատոնի համար պատվիրվել են հատուկ տաղավարներ, որոնք համապատասխանում են փառատոնների անցկացման չափանիշներին:
Փառատոնն անցկացվում է վարչապետ Կարեն Կարապետյանի բարձր հովանու ներքո։
Աղբյուրը` PanArmenian.net