Ավստրիական Sophort տուրիստական ընկերությունը առաջարկում է հետիոտնային էքսկուրսիաներ, որոնց ընթացքում զբոսաշրջիկները լուսանկարվում են Polaroid ապրանքանիշի ֆոտոապարատներով։ Այդ մասին հայտնում է Lonely Planet-ը։
Sophort-ը կազմակերպում է նման Polaroid-տուրեր Վիեննայում և ավստրիական Գրաց քաղաքում։ Այն նման ծառայություններ իրականացնում է նաև Վարշավայում։
Ավստրիական մայրաքաղաքում Sophort-ը անցկացնում է էքսկուրսիայի երկու տարբերակ․ դասական երթուղի, որը կենտրոնացած է պատմական տեսարժան վայրերի վրա, և ուրբանիստական, որի ժամանակ զբոսաշրջիկները այցելում են պատկերասրահներ և ուսումնասիրում քաղաքային գրաֆֆիտին։
Ինչպես նշում են տուրիստական ընկերությունում՝ հնաոճ ֆոտոապարատներով էքսկուրսիաները մեծ ժողովրդականություն են վայելում։ Այդ պատճառով ընկերությունը որոշել է ընդլայնել երթուղիների քանակը՝ ավելացնելով ավստրիական Զալցբուրգն ու Հռոմը։
Sophort-ի հիմնադիրներից մեկը՝ Թոմաս Փրեյերը (Thomas Preyer) նշում է, որ նման տուրերի ժամանակ պետք է լավ մտածել որևէ կադր անելուց առաջ, քանի որ Polaroid-ի մեկ երիզը նախատեսված է ընդամենը ութ լուսանկարի համար։
Ամերիկյան Polaroid Corporation ընկերությունը սկսել է թողարկել ֆոտոապարատները 1948 թվականից։ Լուսանկարելուց անմիջապես հետո այն տպում է պատրաստի լուսանկարը։ 2000 թվականին, սակայն, այս ապարատները զիջեցին իրենց դիրքերը թվային ֆոտոխցիկներին։