Շվեդիայի հարավում գտնվող Հելսինբորգ քաղաքում պատրաստվում են բացել այսպես կոչված Անհաջողությունների թանգարան (Museum of Failure)։ Այդ մասին հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Local պորտալին։
Թանգարանի բացումը նախատեսված է հունիսի 7-ին։ Այնտեղ կհավաքվեն տարբեր ընկերությունների տասնյակ իրեր, որոնք ճանաչում չեն ստացել սպառողների շրջանում։ Թանգարանի ցուցանմուշներից մեկը կդառնա Twitter Peek գաջեթը։ Այս սարքը պատրաստվել էր բացառապես Twitter միկրոբլոգում հաղորդակցվելու համար, բայց չկարողացավ մրցակցել սմարթֆոնների հետ, որոնք գերազանցում են նրան բազմաֆունկցիոնալությամբ։
«Անհաջողությունների թանգարանում» նաև կներկայացվի գնդիկավոր գրիչը, որը ըստ արտադրող BIС ընկերության, նախատեսված է հատուկ կանանց հարմարավետության համար։ Բայց այն պահանջարկ չունեցավ, իսկ ինտերնետի շատ օգտատերեր նույնիսկ ծաղրեցին այն։
Ցուցանմուշների թվում է նաև Harley Davidson մոտոցիկլետներ արտադրող ընկերության թողարկած օծանելիքը, որը ևս չհետաքրքեց սպառողներին։ Նախագծի հեղինակ, հոգեբան և հետազոտող Սեմյուել Ուեսթը (Samuel West) նշում է, որ իր նպատակը այդ ձախողումների վրա ծիծաղելը չէ, այլ՝ այն, որ մարդիկ դաս առնեն ուրիշների սխալներից։