Աշխարհահռչակ փողոցային նկարիչ Բենքսին բացել է իր հյուրանոցը Իսրայելի և Պաղեստինի սահմանին՝ Բեթղեհեմի անվտանգության ցանկապատի մոտ։ Իր նոր նախագիծը նա անվանել է «Պատերից այն կողմ» (Walled off), որի բացումը տեղի է ունեցել մարտի 11-ին, գրում է Associated Press-ը։
Ինչպես խոստովանում է բրիտանացին՝ նրա նպատակը շատ պրագմատիկ է․ օգնել Մերձավոր Արևելքի հակամարտության լուծմանը՝ դրդելով իսրայելցիներին և պաղեստինցիներին երկխոսության։ Դրա համար հյուրանոցում կանցկացվեն թեմատիկ ցուցահանդեսներ։
Հյուրանոցի նկարագրության մեջ ասվում է, որ նրանից բացվում է «ամենավատ հյուրանոցային տեսարանը աշխարհում»․ համարների պատուհանները նայում են դեպի բաժանարար արգելապատնեշը, որի վրա Բենքսին նախկինում թողել է իր հեղինակային աշխատանքը՝ փուչիկների փնջով թռչող աղջիկ։
Ինչպես հայտնում է AP-ը՝ չնայած նրան, որ շինարարությունը տարուց ավել է տևել, նրա բացումը անակնկալ է եղել նույնիսկ պաղեստինյան իշխանությունների համար, քանի որ նախնական հայտարարություններ չեն եղել։ Հյուրանոցում կաշխատի 45 մարդ, այն կունենա ընդամենը 10 համար, բայց դրանցից յուրաքանչյուրը կունենա տարատեսակ դեկորացիաներ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։
Հյուրանոցի ադմինիստրատոր Վիսսամ Սալսահը վստահ է, որ հյուրանոցի տեղակայումը ոչ միայն չի վախեցնի տարբեր երկրներից, այդ թվում՝ Իսրայելից այցելուներին, այլև՝ իր ներդրումը կունենա պաղեստինյան տնտեսության վերականգնման գործում։