Աշխարհի երկու հազար ռեստորաններում միաժամանակ կկազմակերպվի ֆրանսիական ընթրիք

Մարտի 21-ին աշխարհի հինգ մայրցամաքների երկու հազար ռեստորաններում կանցկացվի ընթրիք, որի ընթացքում հյուրերին կառաջարկվի ֆրանսիական խոհանոցի նույն  ճաշացանկը։ Այդ մասին հաղորդվում է   Good France անունը կրող միջոցառման կազմակերպիչների մամուլի հաղորդագրությունում․ փոխանցում է Lenta-ն։

Նախագծի պատրաստմանը մասնակցել են Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը և հայտնի ֆրանսիացի շեֆ խոհարար Ալեն Դյուկասը։ Ակցիային մասնակից ռեստորանների եկամտի մի մասը կփոխանցվի տարբեր բարեգործական հիմնադրամների։

Good France-ի շրջանակներում միանման ճաշացանկով ընթրիք կանցկացնեն Ավստրալիայի, Չինաստանի, Ֆինլանդիայի, Նոր Զելանդիայի, Մեծ Բրիտանիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների և այլ երկրների հաստատություններ։

Ռուսաստանում ակցիային կմասնակցի 20 ռեստորան, որոնք գտնվում են Մոսկվայում, Իրկուտսկում, Տյումենում, Յակուտսկում, Նովոսիբիրսկում և Աստրախանում։

Առաջին անգամ Good France միջոցառումը կազմակերպվել է  2015 թվականի մարտի 19-ին։ Նրա նպատակը Ֆրանսիայի  և նրա խոհանոցի առաջխաղացումն է միջազգային տուրիստական շուկայում։

Աշխարհի տարբեր երկրներում միաժամանակ միանման ճաշացանկով  ընթրիք մատուցելու գաղափարը պատկանում է ֆրանսիացի ռեստորատոր  Օգյուստ Էսկոֆեին։ Նա այն կյանքի է կոչել  1912 թվականին։