Բրիտանական ավիաընկերությունը կպարգևատրի ուղևորներին քաղաքավարության համար

Բրիտանական Monarch Airlines ավիաընկերությունը խոստացել է այս տարվա ընթացքում պարգևատրել քաղաքավարի ուղևորներին։ Այդ մասին հայտնում է The Telegraph պարբերականը։

Monarch Airlines-ը մտադիր է առանձնաշնորհ տրամադրել ճանապարհորդներին, ովքեր տոմս ամրագրելիս հեռախոսով քաղաքավարի կշփվեն իրենց սպասարկող աշխատակիցների հետ։

Քաղաքավարության փոխարեն ուղևորներին կթույլատրեն ինքնաթիռում անվճար նստել ավելի հարմարավետ նստատեղին (այս ծառայությունը Monarch Airlines-ում արժե 50 ֆունտ ստերլինգ)։ Բացի այդ, նման հաճախորդներին կգրանցեն թռիչքի համար նախատեսված ժամանակից շուտ։

Monarch Airlines-ի սպասարկման ծառայության յուրաքանչյուր աշխատակից իրավունք կունենա շաբաթվա մեջ  10 նման առանձնաշնորհ հանձնել։ Աշխատակիցները իրենք կորոշեն, թե ուղևորներից ով է արժանի նման պարգևատրման, ով՝ ոչ։

Բրիտանական ավիափոխադրողի ներկայացուցիչները պարզաբանել են, որ նման ակցիա են սկսել, որպեսզի խթանեն այնպիսի արժեքներ, ինչպիսիք են՝ առատաձեռնությունը, քաղաքավարությունն ու փոխադարձ հարգանքը։