Նյու Յորքի Ազատության արձանը այս տարի դառնում է 131 տարեկան, և ԱՄՆ-ի Ազգային պարկերի ծառայությունը հավանության է արժանացրել երկրի գլխավոր տեսարժան վայրի վերանորոգման մասշտաբային նախագիծը։
Շուրջ մեկ տարի տևող վերանորոգման աշխատանքների արժեքը կազմում է շուրջ 4,5 միլիոն դոլար․ գրում է Газета.ru-ն։ Նախագիծը նախատեսում է հուշարձանի շրջակա տարածքի բարեկարգում, մասնավորապես՝ 740 քառակուսի մետր տարածքում գրանիտային ծածկի փոփոխությունը։
Պլանավորվում է նաև մի քանի տասնյակ ծառերի տնկում և նոր ցանկապատի կառուցում։ Ակնկալվում է, որ Ազատության արձանը զբոսաշրջիկների համար հասանելի կլինի նաև վերանորոգման շրջանում։
Հիշեցնենք, որ հուշարձանի շուրջը հետիոտնային գոտու վերջին մասշտաբային վերանորոգումը իրականացվել է 2013 թվականին այն բանից հետո, երբ տեսարժան վայրը տուժեց «Սենդի» փոթորկից։