Ճանապարհորդներն անվանել են աշխարհի լավագույն և վատագույն օդանավակայանները

Զբոսաշրջիկները Ֆինլանդիայի Հելսինկի-Վանտա օդանավակայանը ճանաչել են լավագույնը աշխարհում։ Այդ մասին գրում է Daily Mail թերթը։ Ֆինլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանը գլխավորել է 10 հորիզոնականներից բաղկացած ցանկը, որը կազմել են eDreams միջազգային զբոսաշրջային գործակալության փորձագետները՝ հիմնվելով ավելի քան  65 հազար ճանապարհորդների կարծիքների վրա։

Երկրորդ տեղը բաժին է հասել Գլազգո (Մեծ Բրիտանիա) միջազգային օդանավակայանին։ Երրորդ հորիզոնականում տեղ է գտել շվեյցարական Ցյուրիխի օդանավակայանը։ Չորրորդ և հինգերորդ տեղերում գերմանական տրանսպորտային հանգույցներն են։ Խոսքը Ֆրանց-Յոզեֆ Շտրաուսի անվան Մյունխենի միջազգային և Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանների մասին է։

Տասնյակում նվազման կարգով հայտնվել են նաև Ժնևի, Բանգկոկի (Սուվարնաբհումի), Թել Ավիվի (Բեն Գուրիոնի անվան), Նորվեգիայի մայրաքաղաք  Օսլոյի և Դուբլինի (Իռլանդիա) օդանավակայանները։

Բացի այդ, զբոսաշրջիկները անվանել են նաև աշխարհի վատագույն օդանավակայանները։ Այն Բեռլինի Շենեֆելդ օդանավակայանն է։ Հակավարկանիշային ցանկի եռյակում հայտնվել են նաև Լոնդոնի Լուտոն և Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայանները։

Այս ցանկերը կազմվել են՝ հաշվի առնելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ մաքրությունը, ստուգման գոտու աշխատանքի արդյունավետությունը, ռեստորանների և խանութների առկայությունը և այլն։

You might also like