Կաննում մեծ լողափնյա պայուսակները արգելված են

Ֆրանսիական առողջարանային Կանն քաղաքի իշխանությունները հանգստացողների անվտանգության ապահովման նպատակով արգելել են լողափ բերել մեծ պայուսակներ։ Արգելքի տակ է հայտնվել ցանկացած ուղեբեռ (ճամպրուկ, ուսապարկ և այլն), որի չափերը թույլ կտա ներսում թաքցնել զենք և պայթուցիկ նյութեր։ Այս միջոցները նաև թույլ կտան պայքարել ապօրինի առևտրականների դեմ, ովքեր շրջում են լողափերում իրենց ապրանքներով։

Լողափում մեծ պայուսակների արգելքը կտևի մինչև հոկտեմբերի 31-ը՝ զբոսաշրջային սեզոնի ավարտը։

Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ոստիկանության աշխատակիցներին հանձնարարված է տեղեկացնել զբոսաշրջիկներին  և քաղաքացիներին արգելքի ներդրման մասին։ Ոստիկանները նաև իրավունք ունեն խախտման մասին արձանագրություն կազմել և պահանջել մեծ պայուսակով մարդկանց լքել ափամերձ գոտին։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում գործում է արտակարգ իրավիճակի ռեժիմ, որը սահմանվել է Նիսում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

You might also like