2016 թվականի ամռան վերջին օրը կնշվի մեծ պրեմիերայով․ Դուբայում կբացվի Դուբայի օպերա կատարողական արվեստի բազմաֆունկցիոնալ թատրոն։ Գտնվելով հեղինակավոր Դաունթաուն թաղամասում՝ նոր թատրոնը սկիզբ կդնի The Opera District տարածքին, որը կդառնա քաղաքի մշակութային կյանքի էպիկենտրոնը և միջազգային մակարդակի գեղարվեստական միջոցառումներ անցկացնելու վայր։
Դուբայի օպերայի շենքը կարելի է իրավամբ համարել ժամանակակից դիզայնի գլուխգործոց։ Նախագծի հեղինակը շենքը նախագծել է այնպես, որ այն հնարավոր լինի փոխակերպել՝ ըստ միջոցառման բնույթի։ 2000 հանդիսատեսի համար նախատեսված դասական օպերային սրահը առանց դժվարության կարող է վերածվել սյուներով և ձայնի անդրադարձով համերգային սրահի, որը ապահովում է անկրկնելի ակուստիկա։
Բացի այդ, շենքը կարելի է օգտագործել նաև որպես հսկա բանկետային կամ ցուցահանդեսային սրահ։ Այս թեթև փոխակերպումները, անկասկած, Դուբայի օպերայի շենքը դարձնում են լավագույն վայրը ցանկացած տեսակի միջոցառման անցկացման համար, այդ թվում՝ դրամատիկ և օպերային ներկայացումների, բալետի, համերգների, նորաձևության ցուցադրության և նույնիսկ՝ հանրային ընդունելությունների, հարսանիքների և երեկույթների համար։ Շենքում կբացվի նաև ռեստորան տանիքին և բարձրահարկ այգի Դուբայի շատրվանի ու հայտնի Բուրջ Խալիֆա երկնաքերի տեսարանով։
Այս կուլտային աշխարհի հրաշալիքի բացումը խոստանում է լինել աղմկահարույց իրադարձություն․ առաջին միջոցառումը կդառնա ժամանակակից ամենահայտնի ու մեծն օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը, ով հայտնի է նաև՝ որպես «Օպերայի թագավոր»։ Միջոցառումը նախատեսված է բացման օրը, բայց տոմս գնել արդեն հնարավոր չէ․ վաճառքի մեկնարկի օրը առաջին իսկ երեք ժամում վաճառվել են բոլոր 2000 տոմսերը։