Այժմ մարդկանց լավագույն ընկերները կարող են լողալ ծովում և խաղալ ավազուտ ափերին․ կատալոնյան մայրաքաղաքի իշխանությունները բացել են լողափ, որը հասանելի է շների հետ այցելելու համար։
Երկար տարիներ շարունակ Բարսելոնայի բնակիչները պնդում էին, որ ստեղծվի լողափնյա առանձին գոտի շների հետ այցելելու համար, և քաղաքային խորհուրդը որոշել է գնալ նրանց ընդառաջ։ Տեղական լողափերից մեկում 1250 քառակուսի մետր մակերեսով տարածք է հատկացվել շներին` զուգարանով, խմելի ջրի շատրվաններով և կենդանիներին լվանալու համար լոգախցիկներով։
Մեկ օրվա ընթացքում լողափ կարող է գալ 100 շուն։ Նրանց սեփականատերերը կրում են ամբողջական պատասխանատվություն իրենց կենդանիների վարքի և լողափի մաքրության համար։
Ըստ նախնական տվյալների՝ լողափը բաց կլինի մինչև սեպտեմբերի վերջ։ Այս նախագծի հաջողության դեպքում քաղաքային իշխանությունները պատրաստ են ստեղծել լրացուցիչ գոտիներ շներով այցելուների համար։