Ֆրանսիայի Հանրապետություն (Ֆրանսիա)

Երկիրը` Ֆրանսիայի Հանրապետություն, République française, France.

Ֆրանսիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >
Փարիզի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

«Ֆրանսիա» անվանումը գալիս է Լատիներեն  Francia-ից, որը նշանակում է «Ֆրանկների երկիր»: Կան նաև վարկածներ կապված Ֆրանկ անվանման ծագումնաբանութան հետ: Դրանցից մեկը գալիս է Պրոտո-Գերմաներեն  frankon  բառից, որը թարգմանվում է գեղարդ, քանի որ Ֆրանկները գեղարդ շատ էին նետում: Մեկ այլ վարկածով, Ֆրանկ Գերմանական լեզուներով նշանակում է ազատ:

Մայրաքաղաքը.  Փարիզը (ֆրանսերեն՝ Paris) Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված քաղաքն է։ Ամեն տարի այստեղ են գալիս մոտ 30.000.000 զբոսաշրջիկներ:  Փարիզի առաջին բնակիչները հայտնվել են մոտավորապես  մ.թ.ա. 4000թ. ։ Բնակչությունը  2.153.600 մարդ է (2005 թվականի տվյալներով): Տարածքը`  105.4 քառ. կմ, միջին բարձրությունը՝ 33 մ: Այսօր Փարիզը բաժանված է 20 շրջանների։

           

Աշխարհագրական դիրքը. Ֆրանսիայի Հանրապետությունը գտնվում է Եվրոպայի արևմուտքում, հյուսիսում և արևմուտքում ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, իսկ հարավում՝ Միջերկրական ծովի ջրերով։ Ֆրանսիայի եվրոպական տարածությունը կազմում է 547.030 քառ. կմ, բնակչությունը՝ 61.875.200 մարդ (2008 թ.), բաժանվում է 96 դեպարտամենտի։ Բացի եվրոպական մասից, Ֆրանսիային են պատկանում նաև անդրծովյան մի շարք կղզիներ և տարածքներ, որոնք գտնվում են այլ մայրցամաքներում և ժառանգություն են մնացել Ֆրանսիական գաղութային կայսրության ժամանակներից։ Ֆրանսիայի եվրոպական մասը խոշորագույնն է Եվրոպական միության կազմում (հանդիսանում է ընդհանուր տարածության մեկ հինգերորդ մասը)։ Ֆրանսիայի տարածքի աշխարհագրական ձևի պատճառով ֆրանսիացիները հաճախեն իրենց երկիրն անվանում «l’Hexagone» (վեցանկյուն)։ Ցամաքային սահմաններով Ֆրանսիան կից է Բելգիային և Լյուքսեմբուրգին՝ հյուսիս-արևելքում, Գերմանիային, Շվեյցարիային և Իտալիային՝ արևելքում, Իսպանիային և Անդորրային՝ հարավում։ Ֆրանսիան նաև ստորգետնյա թունելով կապված է Մեծ Բրիտանիայի հետ, որն անցնում է Լա-Մանշ նեղուցի տակով։ Չի կարելի մոռանալ նաև Մոնակո փոքրիկ պետության մասին, որը գտնվում է Ֆրանսիայի հարավ-արևելքում՝ Միջերկրական ծովի ափին և սահմանակից է միայն Ֆրանսիային։

Կառավարման համակարգը. Ֆրանսիան աշխարհիկ հանրապետություն է, եկեղեցին ոչ մի դեր չունի քաղաքական կյանքում։ Ֆրանսիայի հանրապետության գործող սահմանադրությունը ուժի մեջ է 1958 թվականից, համաձայն որի` հաստատված պետական կարգն անվանվում է Հինգերորդ հանրապետություն։ Պետության գլուխը նախագահն է, որն ընտրվում է 7 տարի ժամկետով, ունի լայն լիազորություններ։ Ներկայումս պաշտոնը զբաղեցնում է Ֆրանսուա Հոլլանդը։ Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով, իսկ Սենատի գործունեության ժամկետն է 9 տարի։

Վարչական բաժանումը. Ֆրանսիան վարչականորեն բաժանվում է 96 դեպարտամենտի, որոնք ընդգրկված են 22 պատմական նահանգների կազմում։ Սա վերաբերում է եվրոպական Ֆրանսիային։ Բացի այս 96 դեպարտամենտները, Ֆրանսիային են ենթակա նաև 4 անդրծովյան դեպարտամենտներ, որոնք են Գվադելուպա, Մարտինիկա, Գվիանա և Ռեյնունյոն տիրույթները, 3 Անդրծովյան տերիտորիաներ՝ Ֆրանսիական Պոլինեզիա, Ուոլիս և Ֆուտունա, Հարավային Անտարկտիկայի ֆրանսիական տիրույթները, և վերջապես, տիրույթներ, որոնք ունեն հատուկ կարգավիճակ՝ Մայոտտա կղզի, Սեն-Պիեռ և Միքլեոն, Նոր Կալեդոնիա։ Այս բոլոր տիրույթներով հանդերձ Ֆրանսիայի ընդհանուր տարածքը կազմում է 674.843 քառ. կմ, իսկ բնակչությունը՝ 64.473.140 մարդ։

Պետական լեզուն. Ֆրանսիայի պետական լեզուն ֆրանսերենն է, որով խոսում է բնակչության մեծ մասը: Ֆրանսերենն այսօր աշխարհի ամենատարածված լեզուներից մեկն է։ Աշխարհի 31 երկրներում ֆրանսերենը պաշտոնական լեզու է, ընդ որում՝ 15 երկրներում միակ պաշտոնական լեզուն։ Այս առումով ֆրանսերենը զիջում է միայն անգլերենին։ Չինարենի, անգլերենի, իսպաներենի, ռուսերենի և արաբերենի հետ միասին ֆրանսերենն ընդգրկված է ՄԱԿ-ի պաշտոնական և աշխատանքային լեզուների կազմում։

Պետական կրոնը քրիստոնեությունն է: Կաթոլիկները կազմում են բնակչության ավելի քան 75%-ը, կան նաև բողոքականներ, մահմեդականներ, հուդայականներ և այլն։ 2005 թվականին անցկացրած հարցման ժամանակ ֆրանսիացիների 34 %-ը  հայտարարել է, որ «հավատում է Աստծո գոյությանը», 27 %-ը պատասխանել են, որ «հավատում են գերբնական ուժերի գոյությանը», իսկ 33 %-ը աթեիստներ են  և չեն հավատում նման ուժերի գոյությանը:

Պետական հիմնը. Ֆրանսիայի հիմնը՝ «Մարսելյեզը», հորինվել է 1792 թվականին Ռուժե դը Լիլի կողմից, Ստրասբուրգում, սկզբնապես կոչվել է Հռենոսյան բանակի մարտական երգ, սակայն արագորեն տարածվել է հանրապետական բանակում՝ վերածվել հեղափոխական երգի։ Սկզբում հայտնի է եղել Մարսելում, իսկ հետո այցելել է նաև Փարիզ՝ «Մարսելցիների քայլերգ» անվանումով, որի կրճատ անվանումն  է «Մարսելյեզ»։

Բլից Ֆրանսիայի մասին.  Ֆրանսիայի դրամական միավորը եվրոն է (1եվրոն=100ցենտ), ազգային կարգախոսը՝ «Ազատություն, Հավասարություն, Եղբայրություն» (Liberté, Égalité, Fraternité), հիմնը՝ «Մարսելլեզ», ազգային տոնը՝ Բաստիլի գրավման օրը՝ հուլիսի 14, օրենսդիր մարմինը՝ երկպալատ պառլամենտ՝ Սենատ և Ազգային ժողով։ Ֆրանսիայի բնակչության կազմի մեծագույն մասը ֆրանսիացիներն են՝ ամբողջի մոտ 94%-ը, մնացած 6%-ը բաժին է ընկնում էլզասցիներին, լոթարինգացիներին, բրետոնցիներին, որոնք չեն մտնում ֆրանսիացինրի էթնիկական խմբի մեջ, նաև հրեաներին՝ մոտ 500 հազար, հայերին՝ մոտ 400 հազար, իտալացիներին, պորտուգալացիներին, իսպանացիներին, կան նաև լեհեր, ալժիրցիներ, մարոկկոցիներ, թուրքեր և այլն։ Ուրբանիզացման մակարդակը կազմում է 75%: Ֆրանսիայի տնտեսությունը գտնվում է զարգացման հետինդուստրիալ փուլում: Աշխարհում ճանաչում ունեն ֆրանսիական Ռենոն, Պեժոն, Թոմսոնը և այլ ընկերություններ: էներգետիկան երկար ժամանակ հենված էր տեղում արդյունահանվող քարածխի վրա: Լիովին ապահովված է սեփական ուրանի` ատոմային էլեկտրակայաններում օգտագործվող վառելիքով: Հատկապես լավ է զարգացած ալյումինի արտադրությունը: Մեքենաշինությունը Ֆրանսիայի արդյունաբերության առաջատար ճյուղն է: Ֆրանսիայի թեթև արդյունաբերությունը ունի համաշխարհային ճանաչում: Աչքի է ընկնում նաև սննդի արդյունաբերությունը: Բուսաբուծությունը բազմաճյուղ է, բայց գլխավոր տեղը պատկանում է հացահատիկին: Զարգացած են տրանսպորտի բոլոր ճյուղերը:

Կլիման. Ֆրանսիայի եվրոպական տարածքում կլիման մեղմ ծովային է, արևելքում` բարեխառն ցամաքային, հարավում` մերձարևադարձային: Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել երեք տիպի կլիմայական գոտիներ: Ամռանը բավականին տաք և չոր է, միջին ջերմաստիճանը հուլիսին հասնում է 23-25 աստիճանի, իսկ ձմռանը բնորոշ են անձրևները, օդի միջին ջերմաստիճանը կազմում է 7—8 °С: Տեղումները գերակշռում են հունվարից ապրիլ ամիսներին, իսկ նրանց ընդհանուր թիվը տատանվում է  600-1000 մմ:  Արևմտյան լեռնալանջերում այդ ցուցանիշը կարող է հասնել ավելի քան 2000 մմ-ի:

Մշակույթը . Ֆրանսիան տարիներ շարունակ իրեն է ձգել ողջ աշխարհի զբոսաշրջիկներին ու ճանապարհորդներին։ Պերճ ու փառահեղ թագավորական ամրոցները, հարուստ պատմությունն ու մշակույթը, հեքիաթային տեսարաններն ու բնապատկերները, գավառական համեստ ու հարմարավետ քաղաքները, հոյակապ տեսարժան վայրերը՝ ահա այն խորհրդավոր մագնիսը, որը մշտապես իրեն է ձգել մարդկային հետաքրքրությունը։ Հանճարեղ ֆրանսիացու՝ Օնորե դը Բալզակի խոսքերն են վկայում Փարիզի արժեքը. «Տեսնել Փարիզն ու նոր մեռնել»։ Սա համեմատելի է միայն հայկական երգային ասույթին. «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»։ Ֆրանսիան հսկայական մշակութային ժառանգությամբ երկիր է, որտեղ հաճախ փոքրիկ գյուղերն անգամ պատմության ու մշակույթի կենդանի թանգարաններ են` բաց երկնքի տակ: Բացի մշակույթի և հին  քաղաքակրթությունների հուշարձաններից երկիրը հիասքանչ բնություն ունի. Ալպիական լեռների սպիտակ լանջերը, Միջերկրական ծովի և Ատլանտյան օվկիանոսի հրաշալի լողափերը, միջնադարյան ամրոցներ, խաղողի ընդարձակ այգիներ, ինչպես նաև անթիվ հուշ-վայրեր` կապված այս կամ այն պատմական դեմքի գործունեության հետ:
Քաղաքները. Երկրի մշակութային սիրտը իհարկե աղմկոտ և խառը Փարիզն է` Ֆրանսիայի մայրաքաղաքը դեռևս Х դարից, որը ամեն տարի բառացիորեն հեղեղված է միլիոնավոր զբոսաշրջիկներով: Տեսարժան վայրեր Փարիզում կարելի է տեսնել ամեն քայլափոխին: Սիտե և Սան-Լուի թաղամասերը քաղաքի պատմական կենտրոնն են: Սիտեում է գտնվում Փարիզի Աստվածամոր տաճարը: Այն կաթոլիկ տաճար է` հիմնադրված 1160-ին, իսկ ավարտին հասցված միայն 1245-ին: Այս տաճարը գոթական ճարտարապետության գլուխգործոցներից է: Տաճարն ուղղակի ապշեցնում է իր հրաշալի աշտարակներով, զանգակատնով, սրահներով, գունավոր ապակուց լուսամուտներով, պատերով, որ զարդարված են քանդակներով ու արձանիկներով` ներսից և դրսից: Ոչ հեռու է գտնվում նաև Փարիզի ամենահին բանտը` Կոնսիերժին: Այստեղից ոչ հեռու է գտնվում Փարիզի Պատմության թանգարանը «Կարնավալե»,  որտեղ ցուցադրվում են թագավորական սենյակներ, ամենօրյա օգտագործման առարկաներ, ինչպես նաև Տիկնիկների փոքր մասնավոր թանգարանը: Սենայի ձախ ափին է գտնվում հայտնի Էֆելյան աշտարակը (1889թ. ), բարձրությունը` 320 մետր , Շայո Պալատը, Հաշմանդամների տունը` Տաճարով և Նապոլեոնի գերազմանատեղիով, աշխարհի խոշորագույն կրթական ու գիտական կենտրոններից մեկը` Սորբոնը (Փարիզի համալսարանը, 1215),  Պանթեոնը` Փառքի Տաճարը հայտնի մարդկանց համար, որոնց թվում են Ռուսոն, Զոլյան, Կյուրին, Հյուգոն, Վոլտերը, Միրաբոն և շատ ուրիշները: Անպայման պետք է այցելել Լյուքսեմբուրգյան այգին, Միջնադարի ազգային թանգարանը (1843թ.): Վերջինս գտնվում է Լատինական թաղամասի կենտրոնում և հայտնի է գոբելենների, նկարների, կիրառական արվեստի և միջնադարյան փայտե եկեղեցական պիտույքների հավաքածուներով: Փարիզի ամենաբարձրադիր կետը Մոնմարտրն է` «Տառապյալները բլուրը», 129 մետր, որը համարվում է Ֆրանսիական մշակույթի  խորհրդանիշներից մեկը` նկարիչների և երաժիշտների օթևանը: Ոչ հեռու է գտնվում նաև Բլրի հրապարակը, որտեղ աշխատում են փողացային նկարիչները, կան մեծ թվով հուշանվերների խանութներ և փոքր ռեստորաններ: Ոչ հեռու է գտնվում Մոնմարտի թանգարանը, Աբես հրապարակը քաղաքապետարանով և կարմիր աղյուսից պատրաստված ոչ մեծ եկեղեցիով: Իսկ եթե իջնեք Ժարմեն Փիլոն փողոցով, կտեսնեք հայտնի «Մուլեն Ռուժ»  կաբարեն: Ոչ հեռու այստեղից էլ կառուցվել է Սիրո պատը` Le mur de je t’aime:  40 քառ. մետր մակերեսով պատի վրա 311 լեզուներով  գրված է «Ես քեզ սիրում եմ», այդ թվում նաև հատուկ փորագրված Բրայլի տառատեսակով` կույրերի համար:  Ոչ պակաս գեղեցիկ և շքեղ է Փարիզի շրջակայքը: Վերսալը Եվրոպայում  պալատական այգիների թերևս ամենահայտնի օրինակն է: Ֆրանսիական թագավորների հսկայական նստավայրը` Վերսալի պալատը 680 մետր երկարությամբ շենքը գտնվում է 100 հեկտար մակերեսով շքեղ շատրվաններով, լճակներով, արձաններով մի հսկայական չքնաղ այգում: Ամռանն  այստեղ անց է կացվում հսկայածավալ լուսա-ձայնային շոու, որը կոչվում է «Ձայն ու լույս»: Մեծ թվով զբոսաշրջիկների է գրավում Եվրադիսնեյլենդը` Փարիզից 32 կմ հեռավորության վրա գտնվող Եվրոպայի ամենամեծ զվարճանքների այգին, որտեղ կարելի է տեսնել հինունոր հեքիաթների, մուլտֆիլմերի, գրքերի հերոսներին:

Բուրգունդիան Ֆրանսիայի պատմական շրջանն է, Եվրոպայի հյուսիսային և հարավային քաղաքակրթությունների խաչմերուկը և հայտնի է իր լճերով ու խաղողի այգիներով: Այս յուրահատուկ անկյունը հայտնի է իր հին ամրոցներով ու եկեղեցիներով, խոհարարական սովորույթներով և ջրառատ գետերով: Բուրգունդիայի այցեքարտն է համարվում տեղի բարձրակարգ գինին, որի արտադրական կենտրոն է համարվում Բոնը, որը հատկապես ճարտարապետության մեջ պահպանել է ֆլամանդական մշակույթի շունչը: Այստեղ պետք է այցելել Գինու թանգարանը, իսկ շրջակայքի յուրաքանչյուր գյուղը կզարմացնի իր գինու և ճարտարապետության ուրույն տեսակով: Պրովանս ասելիս պատկերացնում ես ավելի քան 900 կմ երկարությամբ ձգվող լողափը, որից ընդամենը մի ժամ ճանապարհի վրա են գտնվում Ալպյան լեռների հազարավոր կիլոմետրանոց լանջերը, ինչպես նաև խաղողի ճոխ  տնկիներով բլուրներ, հին ամրոցներ ու ձիթապտղի այգիներ: Շքեղ բնության մեջ է գտնվում հայտնի արգելանոցը, որտեղ կարելի է տեսնել ավելի քան 300 տեսակի թռչուններ, այդ թվում վարդագույն ֆլամինգո, ինչպես նաև ջրային կրիաներ, հայտնի ազնվացեղ սպիտակ ձիեր: Ստրասբուրգը` «միացյալ Եվրոպայի մայրաքաղաքը», գտնվում է Փարիզից կմ հեռավորության վրա` Գերմանիայի հետ սահմանի վրա: Քաղաքը կրում է ֆրանսիական և գերմանական մշակույթների ազդեցությունը: Ստրասբուրգի պատմական կենտրոնը գտնվում է Յունեսկոյի հովանու ներքո և հայտնի է իր բազմաթիվ պատմական հուշարձաններով, նեղ փողոցներով, հին աշտարակներով, Ռոան պալատով` արքայազների միջնադարյան նստավայրով, երեք միլիոն գրքերով Համալսարանական գրադարանը: Ստրասբուրգում է գտնվում Եվրոպայի խորհրդի շենքերի համալիրը, մարդու իրավունքներով Եվրոդատարանի շենքը, ինչպես նաև կան մեծ թվով համերգային սրահներ, պատկերասրահներ, թատրոններ, համերգասրահներ: Մարսելը «Արևելքի դարպասներ» Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքն է և հնագույն պատմությամբ նավահանգստային քաղաք հիմնադրվել է հույների կողմից մ.թ.ա.: Քաղաքում կարելի է հիանալ Հին քաղաքով, Սբ. Ժանի և Սբ. Նիկոլայի հին նավահանգիստներով, քաղաքի խորհրդանիշն է հռոմեա-բյուզանդական տաճարը` Նոտր-Դամ-դե-լա-Գարդը` ավելի քան ութ տոննա կշռող բրոնզե զանգով ու Սուրբ Կույսի տաս մետրանոց ոսկեզօծ արձանով, «Փայլող քաղաք» տասնյոթ հարկանի շենքով: Մարսելի անբաժանելի մասը շուկաներն ու տոնավաճառներն են: Լողափերն այստեղ օրինակ Ռիվիերայինի պես շքեղ չեն, բայց հարմարավետ են ու մաքուր:

Ազգային առանձնահատկությունները. Ֆրանսիացիների մեծամասնությունը համոզված է, որ ցանկացած կիրթ օտարերկրացի պետք է խոսի ֆրանսերեն` գոնե տարրական մակարդակով: Այդ պատճառով տեղացիներին անգլերենով դիմելը այնքան էլ ցանկալի չէ: Մթերքը քաղաքի կենտրոնում 15-40% ավելի թանկ է, քան շրջակայքի սուպերմարկետներում: Օդանավակայանում, տրանսպորտում, հասարակական բանուկ վայրերում պետք է զգուշ լինել գրպանային գողերից: Կարևոր փաստաթղթերը և թանկարժեք զարդեղենը պետք է թողնել հյուրանոցում:

Ազգային խոհանոցը. Ֆրանսիական խոհանոցը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Հատկապես հայտնի են կրուասանները, երկար ֆրանսիական հացը, շոկոլադե հացիկները, բուրգունդական խխունջները, լիոնական նրբերշիկները, սոխով ապուրը: Այս ամենին ավելացրեք տարատեսակ սոուսները` ավելի քան երեք հազար բաղադրատոմսերով ու բազմապիսի համեմունքները: Ընդ որում` երկրի ամեն շրջանն ունի իր խոհարարական ավանդույթները, որոնք հաճախ նման չեն հարևան շրջանի խոհանոցին:

Առանձին ուշադրության են արժանի ֆրանսիական գինիները: Ֆրանսիան արտադրում է  կարմիր և սպիտակ ընտիր գինիների հազարավոր տեսակներ: Գինեգործական հարուստ մշակույթ ունեցող եկիրն աշխարհին տվել է կոնյակ ու շամպայն:

Կայքից ցանկացած տեսակի նյութեր, տեքստեր, պատկերներ արտատպելիս TravelNews.am հղումը պարտադիր է:

Ֆրանսիայի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >
Փարիզի վերաբերյալ բոլոր տուրիստական նորությունները >

The French Republic (French: République française [ʁepyblik fʁɑ̃sɛz]), commonly known as France (English Listeni/ˈfræns/ franss or /ˈfrɑːns/ frahnss; French: [fʁɑ̃s] ( listen)), is a unitary semi-presidential republic in Western Europe with several overseas territories and islands located on other continents and in the Indian, Pacific, and Atlantic oceans.[15] Metropolitan France extends from the Mediterranean Sea to the English Channel and the North SeaSee more on Wikipedia >