Խորվաթիայի մայրաքաղաքում գտնվող 350-մետրանոց թունելը պաշտոնապես բացվել է զբոսաշրջիկների համար։ Ի դեպ, նախկին ռմբապաստարան բոլոր ցանկացողները կարող են այցելել անվճար։
«Գրիչ» թունելը (խորվաթ․ Grič) միավորում է քաղաքի հին մասի Ռադիչևա և Մելիչկա փողոցները։ Ռմբապաստարանի մեծ մասի լայնությունը կազմում է ընդամենը 3 մետր, սակայն ընդարձակ կենտրոնական հատվածում կկազմակերպվեն ցուցահանդեսներ և զանազան միջոցառումներ՝ նվիրված քաղաքի պատմությանն ու նրա բնակիչներին։
Պատերազմի ժամանակ «Գրիչը» պաշտպանել է ռմբակոծումներից, իսկ 1990-ական թվականներին այստեղ անցկացվել են առաջին ռեյվ-երեկույթները։
Թունելը բաց է ամեն օր 9:00-ից 21:00-ն։ Մոտ ապագայում նրա տարածքում կբացվի նաև թանգարան։