Իսպանական Պամպլոնա քաղաքում ավանդական Սեն Ֆերմին փառատոնի ընթացքում ցլավազքի ժամանակ չորս մարդ ստացել է վնասվածք, բայց կենդանիների կոտոշներից ոչ ոք չի տուժել։
Վազքին մասնակցել է հազարից ավել մարդ։
Տոնը, որը տևում է 19 օր և կավարտվի հինգշաբթի օրը, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել 1926 թվականին հրապարակված Էռնեստ Հեմինգուեյի հայտնի «Եվ ծագում է արևը (Ֆիեստա)» պատմվածքից հետո։ Այդ ժամանակից ի վեր այն գրավում է հազարավոր զբոսաշրջիկների։
Ինչպես հաղորդվել է՝ ացյալ շաբաթվա վերջին Իսպանիայում 1985 թվականից հետո առաջին անգամ սպանվել է տորիադոր։ 29-ամյա իսպանացի տորիադոր Վիկտոր Բարրիոն մահացել է ցլի հարվածից կորիդայի ժամանակ Տերուել քաղաքի արենայում։
Կորիդան հեռարձակվել է ուղիղ եթերում։ Ցուլը նրան վերև է գցել և կոտոշներով խոցել նրա կրծքավանդակը։ Բժիշկներին չի հաջողվել փրկել Բարրիոյի կյանքը։ Ողբերգության ժամանակ տորեադորի կինը եղել է տրիբունայում։
Վերջին 100 տարում Իսպանիայում մահացել է 134 կորիդայի հետ կապ ունեցող պրոֆեսիոնալ, որոնցից 33 եղել են տորեադոր։ Ամեն տարի Իսպանիայում անցկացվում է շուրջ 2 հազար ցլամարտ, սակայն տարեցտարի դրանց թիվը նվազում է։ 2012 թվականի հունվարի 1-ից այն պաշտոնապես արգելված է Կատալոնիայում։ Սոցիալական հարցումների համաձայն՝ իսպանացիների մեծ մասը (80%-ից ավել) հայտարարել է, որ կորիդան իրենց չի հետաքրքրում։ Այժմ կորիդա ավելի շատ այցելում են օտարերկրյա զբոսաշրջիկները։
Սեն Ֆերմին փառատոնի մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ մեր այս հոդվածում։