Facebook սոցիալական ցանցի ներկայացուցիչները ներկայացրել են նոր գործառույթ․ հիմնվելով օգտատերի անձնական հետաքրքրությունների վրա՝ կայքը կհայտնի մոտակա հետաքրքիր միջոցառումների մասին։
Իրադարձության ընտրության համար օգտագործվի մի ալգորիթմ, որը կներառի անձնական էջի տվյալները (հետաքրքրող խմբերը, երաժշտական և գրական նախընտրությունները, վերջին այցելած միջոցառումը և այլն)։ Facebook-ի արտադրանքի մենեջեր Ադիտյա Կոլուելը մեկնաբանել է նոր գործառույթի թողարկումը․ «Մենք ցանկանում ենք գրավել մարդկանց ուշադրությունը տեղական իրադարձությունների վրա, նույնիսկ՝ փոքրիկ քաղաքներում։ Շատ բնակիչներ տեղյակ էլ չեն լինում մոտակայքում անցկացվող հետաքրքիր միջոցառման մասին»։
Ներկայումս նոր գործառույթը հասանելի է միայն ԱՄՆ-ի 10 քաղաքների՝ Բոսթոնի, Չիկագոյի, Դալլասի, Հյուսթոնի, Լոս Անջելեսի, Մայամիի, Նյու Յորքի, Սան Ֆրանցիսկոյի, Սիեթլի և Վաշինգտոնի բնակիչներին։ Այս նորարարության հաջողության դեպքում՝ Facebook-ը կընդլայնի ծրագրի գործունեության գոտին։