Երկու հարևան երկրի միջև վիզաների չեղարկմանն ընդառաջ – PanArmenian.net
Հայաստանն ու Իրանը մտադիր են փոխադարձաբար հրաժարվել մուտքի արտոնագրային ռեժիմից: Հայաստանը վաղուց արդեն սիրված ուղղություն է դարձել իրանցի զբոսաշրջիկների համար, սակայն, հայերը շատ ավելի հազվադեպ են Իրան այցելում:
Վիզաների չեղարկմանն ընդառաջ PanARMENIAN.Net ը ներկայացնում է Իրանի տարածքում եղած հայկական հուշարձանների մի մասը, որոնք մեծ պատմական ու մշակութային արժեք ունեն:
Իրանի տարածքում են գտնվում հայ ժողովրդի համար նվիրական որոշ վայրեր, հատկապես քրիստոնեության հետ կապված: Առաջինը` Ավարայրի դաշտն է, որտեղ 451 թվականին տեղի ունեցավ սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորած հայկական զորքերի ճակատամարտն պարսից շահ Եզդիգերդ Երկրորդի զորքերի հետ:
Երկրորդ սրբությունը Թադեի վանքն է կամ Սև եկեղեցին (Ղարաքիլիսա) Սալմաստից ոչ հեռու (Արևմտյան Ատրպատական), որտեղ ըստ ավանդության հուղարկավորված է Քրիստոսի 12 առաքյալներից մեկը` Թադեոսը: Դա պատմական Մեծ Հայաստանի տարածքն էր, Վասպուրական նահանգը: Վանքը գտնվում է լեռնային տեղանքում, Մակու քաղաքից 20 կմ հեռավորության վրա: Վանքը սև է կոչվում, քանի որ կառուցված է սև գույնի հրաբխային քարից, այն կառուցվել է ավելի հին եկեղեցու տեղում, որն ավիրվել է երկրաշարժից: Առասպելի համաձայն, սրբի շիրիմի վրա առաջին մատուռը կառուցվել է 38թ.: Վանքի մասին առաջին տեղեկությունները թվագրվում են VII դարով: Հիմնական վանքի մերօրյա շենքը կառուցվել է 1329թ. Վանքի ժամանակակից կառույցների մեծ մասը դասվում է XIX դարի սկզբին, երբ այն վերակառուցվեց պարսից փոխարքա Աբբաս Միրզայի աջակցությամբ:
Ամեն տարի հուլիսին բազում հայեր և քրիստոնեադավան այլ ժողովրդներ ուխտագնացություն են կատարում Իրան` Սբ Թադեի վանք:
Թադեի վանքից բացի հարևանությամբ կան նաև փոքր մատուռներ, ամրոցների ավերակներ:
Ջուղայից 22 կմ հեռավորության վրա է գտնվում Սբ. Ստեփանոս վանքը: 9-րդ դարի այս վանական համալիրը գտնվում է Մաղարդա լեռան լանջին, Արաքսի աջ ափին: Ըստ 12-րդ դարի ժամանակագիր Միքայել Ասորու, այն հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը: Երկրաշարժի պատճառով վանքը մի քանի անգամ վերակառուցվել է: Այս վանքն աչքի է ընկնում եզակի որմնանկարներով և քանդակներով, կառուցված է ֆելզիտային տուֆից:
Հայերը հաստատվել են Իրանում դեռ V դարում, երբ շահ Շապուհը խաբեությամբ գերեվարեց hայոց Արշակ արքային և առաջին գերեվարված հայերը բնակություն հաստատեցին Պարսից թագավորության պատմական սահմաններում: Իրան հայերի ամենամեծ ներհոսքը տեղի է ունեցել 1604 թ. շահ Աբբասի իրականացրած բռնի տեղահանության արդյունքում:
Թուրք-պարսկական պատերազմներից հետո Արևմտյան Հայաստանը հայտնվեց Օսմանյան կայսրության, իսկ Արևելյանը` Պարսկաստանի կազմում:
Շահ Աբբասը տասնյակ հազարավոր հայերի բռնի տեղահանեց Ջուղայից (Նախիջևանի շրջան), Նախիջևանից ու Սևանի ավազանից, բնակեցնելով նրանց Պարսկաստանում` միանգամից 2 նպատակ հետապնդելով: Առաջին նպատակն էր ամայացնել սահմանամերձ հյուսիսային տարածքները, թույլ չտալ Պարսկաստանի հետ պատերազմող երկրներին օգտվել սննդամթերքից ու անասնակերից` այդպիսով բուֆերային գոտի ստեղծելով իր վաղեմի թշնամիներ օսմանյան Թուրքիայի և ցարական Ռուսաստանի միջև: Երկրորդ նպատակը սեփական տնտեսությունը զարգացնելն էր` օգտագործելով արարիչ ժողովրդի էներգիան, որը հիանալի տիրապետում էր առևտրի կանոններին ու արհեստներին: Ջուղայի բնակիչներին հող հատկացվեց գետի աջ ափին` Իսպահանի դիմաց, որտեղ նրանք քաղաք կառուցեցին և կոչեցին այն Նոր Ջուղա: Լավ արհեստավորներ լինելով և առևտուր անելով Հնդկաստանի հետ` հայերն արագ հարստացան, շահը նրանց մեծ արտոնություններ շնորհեց: Այստեղ այսօր էլ կենսունակ է Իրանի ամենահոծ ու հին հայկական համայնքը, որը սերում է առաջին վերաբնակներից: Այստեղ կան հայկական դպրոցներ, 12 եկեղեցի: Այսօր Նոր Ջուղան Իսպահանի աջակողմյան ափի շրջաններն են, որոնք գտնվում են Հին քաղաքի դիմաց: Այստեղ հատուկ մի մթնոլորտ է տիրում:
Այստեղից հայերը տարածվեցին Իրանի ամբողջ տարածքով` իրենց թաղամասերը ստեղծելով Թեհրանում, Թավրիզում, Շիրազում և Իրանի այլ քաղաքներում: Իսկ Խոյ, Ուրմիա, Սալմաստ (Սալմաստը մեծ գրող Րաֆֆու ծննդավայրն է) քաղաքներում, որոնք պատմական Հայաստանի տարածքում են գտնվում, հայերը ոչ թե եկվորներ են, այլ բնիկներ: Ջուղայի գլխավոր տեսարժան վայրը Սբ Ամենափրկիչ եկեղեցին է կամ Վանքը: Համալիրը բաղկացած է մեծ եկեղեցուց, մի քանի թանգարանից, պատերով պարփակված ներքին բակից:
Հայկական վանքում նկատելի են արևելյան և քրիստոնեական մշակույթների տարրեր: Դրսից դա միագույն աղյուսաշեն կառույց է գմբեթներով և կամարներով, ներսից`գեղանկարչության յուրօրինակ թանգարան: Բոլոր պատերն ու առաստաղները նկարազարդված են քրիստոնեական որմնանկարներով, սրբապատկերներով և արևելյան նախշերով:
Վանքի մուտքի մոտ տեղադրված է արքեպիսկոպոս, XVI- XVII դարասկզբի հոգևոր և կրթական գործիչ Խաչատուր Կեսարացու հուշարձանը:
Մյուս եկեղեցիները նման են տաճարին ինչպես ներսից, այնպես էլ դրսից: Մեծամասնության մուտքը վճարովի է: Ամենահայտնիները Սբ Մարիամի և Սբ Գևորգի եկեղեցիներն են: Սբ Գևորգի եկեղեցին Նոր Ջուղայի հնագույն եկեղեցիներից է (թվով երրորդը), կառուցվել է 1611-ին: Ասում են, որ այն կառուցվել է Հայաստանում եղած մի եկեղեցու քարերից, որը վերաբնակներն իրենց հետ բերել են Պարսկաստան: Սբ Մարիամի եկեղեցին կառուցվել է 1613-ին և հայտնի է Վենետիկի նկարիչների վրձնած չորս սրբապատկերներով և XVII դ. երկրորդ կեսի խճանկարներով:
Բեթղեհեմի եկեղեցին կառուցվել է 1628 թվականին, զարդարված է հիանալի որմնանկարներով, այդ թվում Խորհրդավոր ընթրիքի և Եդեմից արտաքսման տեսարաններով: Այս եկեղեցին համարվում է Իսպահանի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Քաղաքի հայկական թաղամասը հետաքրքիր է իր հին տներով ու նեղլիկ փողոցներով: Կենտրոնում փոքր հրապարակ կա, որտեղ կարելի է նստել և հանգստանալ:
Թավրիզում, որն Իրանի մեծությամբ չորրորդ քաղաքն է, գտնվում է Սբ Մարիամի եկեղեցին: Այդ քաղաքի հնագույն և ամենամեծ հայկական եկեղեցին, որի առաջին շինությունը դասվում է VI դարին, հիշատակել է Մարկո Պոլոն: Ժամանակին այն առաջնորդանիստ է եղել: