Հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրման Orbitz ծառայությունը ընտրել է աշխարհի լավագույն քաղաքները ինքնուրույն ճանապարհորդողների համար։ 12 բնակավայրից կազմված ցանկը գլխավորել է Դուբլինը․ հայտնում է eTurboNews պորտալը։
Իռլանդացիները հայտնի են իրենց բարյացակամությամբ, իսկ Դուբլինը՝ իր փաբերով։ Այդ պատճառով այստեղ այցելող զբոսաշրջիկը կգտնի զբաղվելու մի բան և նոր ընկերներ․ նշում է կայքը։
Վարկանիշային աղյուսակի երկրորդ տեղում գտնվում է Բանգկոկը։ Թայլանդական քաղաքը գրավում է անկախ զբոսաշրջիկներին Կաոսան հայտնի փողոցով (Khao San Road), որը լի է բազմաթիվ գրախանութներով, տատու սրահներով և զանազան ապրանքների կրպակներով։
Եռյակը եզրափակում է Քուինսթաուն նորզելանդական առողջարանը (Queenstown), որը ճանաչվել է այդ երկրի «արկածների մայրաքաղաքը»։ Քաղաքում կա բանջի ջամփինգի, մակույկավարության, արշավների և այլ ակտիվությունների համար բոլոր հնարավորությունները, որոնք գրավում են անկախ զբոսաշրջիկներին։
Չորրորդ տեղում հայտնված Նյու Յորքը (ԱՄՆ) ևս զբոսաշրջիկներին չի թողնի ձանձրանալ․ քաղաքում կա համաշխարհային դասի թանգարաններ (օրինակ՝ Մետրոպոլիտեն թանգարանը), թատրոններ («Բրոդվեյ») և այլ հայտնի տեսարժան վայրեր, օրինակ՝ Թայմս Սքուերը։
Բալիում գտնվող փոքրիկ Ուբուդ քաղաքը (Ubud) եզրափակում է ցանկի հնգյակը։ Այն գրավում է յոգայով, մեդիտացիայով և սպայով հետաքրքրվող զբոսաշրջիկներին։ Ամեն տարի մարտ-ապրիլ ամիսներին կայանալիք Bali Spirit փառատոնը, որը նվիրված է յոգային, պարերին և երաժշտությանը, դեպի Ուբուդ է գրավում բազմաթիվ անկախ զբոսաշրջիկների ամբողջ աշխարհից։ Վարկանիշային աղյուսակի տասնյակում են հայտնվել նաև իսլանդական մայրաքաղաք Ռեյկյավիկը (վեցերորդ տեղ), որը հայտնի է իր թանգարաններով և բնությամբ, Փարիզը, Հոնգկոնգը, թանգարան-քաղաք Անտիգուա-Գվատեմալան, որը հայտնի է սրճային մշակույթով և իսպանական դպրոցներով։ Թոփ-10 քաղաքների ցանկը եզրափակում է ավստրիական Վիեննան։
Ցանկի 11-րդ տեղում կանադական Վանկուվերն է, որտեղ զբոսաշրջիկները կարող են հիանալ բազմաթիվ հուշարձաններով, գեղատեսիլ այգիներով, այցելել պատկերասրահ և ձեռագործ իրերի խանութներ։ Ցանկն ավարտվում է Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեով։ Այս վայրը իդեալական է արկածային զբոսաշրջության համար․ զբոսանք հրաբուխների մոտ, հայտնի արևադարձային անտառներում և գետաբերանին։