Լիդս քաղաքից բրիտանացի զբոսաշրջիկը այցելել է 12 եվրոպական երկիր 24 ժամում՝ գործելով բարեգործության շրջանակներում։ Այս ուղևորությունների ընթացքում նա հավաքել է շուրջ 1,3 հազար եվրո գումար․ հայտնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Daily Mail-ին։
Գործարար Ադամ Լեյտոնը (Adam Leyton) սկսել է իր ճանապարհորդությունը մայիսի 25-ին տեղական ժամանակով առավոտյան յոթին գերմանական Պերլ համայնքից և անցել լյուքսեմբուրգյան հայտնի Շենգեն գյուղով, որը գտնվում է ոչ այնքան հեռու։
Գերմանիայից և Լյուքսեմբուրգից բացի Լեյտոնը մեկ օրվա ընթացքում այցելել է Ֆրանսիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Դանիա, Լեհաստան, Չեխիա, Սլովակիա և Հունգարիա։ Իր ճանապարհորդությունը նա ավարտել է Ավստրիայում։
Բրիտանացին իր առջև պայման է դրել այցելել այս բոլոր երկրները ինքնաթիռներով, ավտոբուսներով, գնացքներով կամ ոտքով․ հենց ոտքով է նա հաղթահարել վերջին երկու կիլոմետրը մինչև Ավստրիայի սահմանը։
Ճանապարհորդի խոսքերով՝ երբ նա հասել է ավստրիական սահմանի այգուն, հիացել է իր ձեռքբերումով։ «Ես լալիս էի, կարծես՝ դա այն էր, ինչ ես մտածում էի ամիսներ շարունակ»,-խոստովանել է Լեյտոնը։
24-ժամյա ուղևորության ընթացքում զբոսաշրջիկը քնել է միայն երկու ժամ Վարշավայից Բրատիսլավ մեկնող գնացքում։ Ճանապարհորդությունը չի անցել նաև առանց խնդիրների։ Երբ Լեյտոնը փորձել է գնել երկաթգծի տոմս, անհաջողության է մատնվել․ նրան տվել են բջջային հեռախոսահամարի հաշվի վերալիցքավորման քարտ։ Լեյտոնը դա բացատրել է նրանով, որ վատ է խոսում ֆրանսերեն և չի կարողացել հստակ ձևակերպել իր մտքերը դրամարկղի մոտ։
Իր ուղևորության շնորհիվ՝ բրիտանացին կարողացել է գումար հավաքել բարեգործական հիմնադրամի համար, որն օգնում է այն մարդկանց, որոնց երեխաները մահացել են ծնվելիս, դրանից առաջ կամ հետո։ Այդ դժբախտությունը, մասնավորապես, ապրել է Լեյտոնի քույրը։