Իռլանդիայում գործազուրկ նկարիչ Ֆրանկ Բաքլին կառուցել է փողից տուն: Որպես շինանյութ Բաքլին օգտագործել է վերամշակված թղթադրամներ: «Եվրոտան» ընդհանուր արժեքը կազմել է 1.4 միլիարդ եվրո: Բաքլիի խոսքերով` նա ցանկացել է հուշարձան նվիրել այն «մոլուցքին», որը պատել է Իռլանդիային 1999 թվականին եվրոգոտուն անդամակցությանից և եվրոն, որպես միասնական արժույթ, ճանաչելուց հետո: Տունը կառուցվել է Դուբլինի գործարար կենտրոնում, որ կառուցվել է չորս տարի առաջ և չի օգտագործվել:
«Սա մեզ պատած մոլուցքի արտացոլումն է: Մարդիկ միլիարդներ են ներդնում շենքեր կառուցելու համար, որոնք հիմա ոչ մի արժողություն չունեն: Ես ցանկանում էի ոչնչից ստեղծել գործող մի բան», – բնութագրել է Բաքլին իր աշխատանքը, որը նա անվանում է «տուն միլիարդ եվրոյի վրա»:
Շինանյութը նախկինում շրջանառության մեջ գտնվող եվրո թղթադրամներն են` վերցրած իռլանդական դրամահատարանից: Պատերն ու դռները նա զարդարել է մանրացրած թղթադրամից և մետաղադրամից պատրաստած նկարներով:
Ֆրանկ Բաքլին հուսով է, որ եվրոպացի քաղաքական գործիչներին, ի վերջո, կհաջողվի լուծել Եվրոպան գրաված երկարատև ճգնաժամի խնդիրը: