Բուլղարիայի առողջարաններում կնվազեցնեն աղմուկի մակարդակը՝ հանուն երեխաների հետ հանգստացող ընտանիքների
Այս ամռանը Բուլղարիայում ծովափնյա հանգստավայրերի իշխանությունները շուրջօրյա կվերահսկեն գիշերային ակումբների և բարերի աղմուկի մակարդակը, որպեսզի խաղաղ հանգիստ ապահովեն ընտանեկան զբոսաշրջիկներին։ Առաջին հերթին «աղմուկի ոստիկանությունը» կսկսի գործել այնպիսի հայտնի առողջարաններում, ինչպիսիք են՝ Ոսկե ավազներն ու Արևային ափը։
Ինչպես հայտնում է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (АТОР)՝ կխստացվի նաև վերահսկողությունը լողափների վիճակի և դրանց անվտանգության հետ կապված։ Իշխանությունը առանձնակի ուշադրություն կդարձնի «ամեն ինչ ներառյալ» համակարգով աշխատող հյուրանոցներին, հատկապես՝ սպասարկման և սննդի որակին։ Բացի այդ, ներկայումս բուլղարացի հյուրանոցատերերը քննարկում են հյուրանոցում կանգ առած յուրաքանչյուր օտարերկրյա զբոսաշրջիկին 30 եվրոյի չափով բոնուս տրամադրելու հնարավորությունը։