2015 թվականին Հայաստան է այցելել 1 մլն 192 հազար 120 զբոսաշրջիկ։ Դա 1%-ով պակաս է 2014-ին այցելածների քանակից։ Իսկ միայն 2015-ի չորրորդ եռամսյակում հանրապետություն է ժամանել 256 հազար 572 զբոսաշրջիկ։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 3,2%-ով: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։
Ըստ հյուրանոցային տնտեսության օբյեկտներից ստացված հաշվետվությունների տվյալների՝ 2015-ի չորրորդ եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների 29,4%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, 23,3%-ը` ԵՄ երկրներին և 47,3%-ը` այլ երկրներին: Ավելի մանրամասն ներկայացված ցուցանիշներից պարզ է դառնում, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մոտ մեկ քառորդը Ռուսաստանից են։
Բերված տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին:
Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մի մասը շարունակում է իջևանել հարազատների ու բարեկամների տանը։ Նրանք արտերկրում ապրող և այլ երկրների քաղաքացիներ համարվող հայերն են։ Իսկ մի մասն էլ նախընտրում են ոչ թե հյուրանոցային համարներ վարձել, այլ՝ վարձով տրվող բնակարաններ։ Պատճառն այն է, որ հաճախ այդ բնակարանների վարձն ավելի էժան է լինում, քան հյուրանոցների համարների վարձն ու գումարած ծառայությունները։ Նախորդ տարվա չորրորդ եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների 85%-ից ավելին տեղավորվել է բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն։ Եվ միայն 14,6%-ն է իջևանել հյուրանոցային տնտեսության օբյեկտներում։ Նրանց ընդունած հյուրանոցների քանակը 55 է։ Նախորդող երեք եռամսյակի տվյալները ևս վկայում ենք, որ զբոսաշրջիկների քիչ մասն է տեղավորվում հյուրանոցներում՝ 12-17%-ը։
Նախորդ տարի Հայաստանից զբոսաշրջության նպատակով մեկնել է 1 մլն 187 հազար 369 մարդ (0,9% նվազում):
Իսկ միայն չորրորդ եռամսյակում նրանց թիվը կազմել է 310 հազար 164 մարդ (1,3% նվազում): Նրանց մեծ մասը նախընտրել է ինքնուրույն կազմակերպել ուղևորությունը, և միայն 0,5%-ն է օգտվել զբոսաշրջային գործակալությունների ծառայություններից։
Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է, այլ ոչ թե՝ աշխատանքային գործունեությամբ զբաղվելը։
Իսկ ներքին զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրի երկրի սահմաններում, այսինքն՝ որևէ երկրի բնակիչների ճանապարհորդությունը իրենց իսկ երկրում։
Ըստ վիճակագրության՝ 2015 թվականին հանրապետության տարածքում հյուրանոցային տնտեսության օբյեկտներում տեղաբաշխված ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 871 հազար 888, ինչը 2014 թվականի նույն ժամանակաշրջանի նկատմամբ 1,4%-ով աճել է: Նրանցից 67,8%-ը հանգստի և ժամանացի նպատակով է իջևանել հյուրանոցային օբյեկտներում, 18,4%-ը՝ գործնական, 7,3%-ը՝ բուժման, 6,5%-ն՝ այլ։ Աղբյուրը` Hetq.am