Բրիտանական The Telegraph պարբերականը հրապարակել է ամենաերկար առանց կանգառի ավիաթռիչքների ցանկը։ Առաջին տեղում հայտնվել է Դուբայ-Օքլենդ (Նոր Զելանդիա) չվերթը, որն իրականացնում է Emirates-ը։ Թռիչքը տևում է 17 ժամ 15 րոպե։ Այդ ընթացքում ինքնաթիռը կտրում է 14 հազար կիլոմետր ճանապարհ։
Երկրորդ տեղում հայտնվել է Դուբայ-Պանամա չվերթը, որը Emirates-ը կսկսի իրականացնել 2016 թվականին կամ 2017-ի սկզբին։ Նրա երկարությունը կազմում է 13,8 հազար կիլոմետր, իսկ տևողությունը՝ 17 ժամ 15 րոպե։ Առաջատարների եռյակը եզրափակում է տեխասյան Դալլասից (ԱՄՆ) թռիչքը դեպի Սիդնեյ, որը կատարում է ամերիկյան Qantas ավիափոխադրողը։ Այն տևում է 16 ժամ 55 րոպե, որի ընթացքում ինքնաթիռը թռչում է 13,8 հազար կիլոմետր։
Ամենաերկար ավիաթռիչքների հնգյակում են հայտնվել նաև Delta Air Lines-ի Յոհանեսբուրգ-Ատլանտա (Ջորջիա նահանգ, ԱՄՆ) չվերթը (ինքնաթիռը թռչում է 13,6 հազար կիլոմետր 16 ժամ 55 րոպեում) և Աբու Դաբի-Լոս Անջելես չվերթը (Etihad Airways, 13,5 հազար կիլոմետր 16 ժամ 55 րոպեում)։2015 թվականի հոկտեմբերին հաղորդվեց, որ Singapore Airlines ավիաընկերությունը մտադիր է վերականգնել աշխարհում ամենաերկար առանց կանգառի չվերթը Սինգապուրից Նյու Յորք։ Թռիչքի երկարությունը կազմում է 15,3 հազար կիլոմետր, իսկ ճանապարհի վրա ծախսվող ժամանակը՝ 18-19 ժամ։