2011 թվականին Հավայան Կաուայի կղզին դարձել է շատ հոլիվուդյան ֆիլմերի գործողությունների կենտրոնական վայրը: Իսկ հիմա կինոյի շատ սիրահարներ մեկնում են այնտեղ` սեփական աչքերով տեսնելու համար այդ հիանալի տեսարանները:
Կաուայի կղզու լողափները, ծովածոցերն ու անտառները մեծ տպավորություն են թողել Ջոնի Դեփի մասնակցությամբ «Կարիբյան ծովի ծովահենները. անծանոթ ափերին» , Ադամ Սենդլերի ու Ջենիֆեր Էնիսթոնի «Ձևացիր իմ կինը» և Ջորջ Քլունիի «Ժառանգները» ֆիլմերի երկրպագուների վրա:
«Մենք շատ հպարտ ենք, որ Հոլիվուդը մեր կղզին նկարահանման համար հարմար վայր է համարում: Իսկ կինոյի սիրահարները ցանկանում են անձամբ համոզվել, որ նման գեղեցիկ վայր իրոք գոյություն ունի», – նշում է տեղական տուրիստական բյուրոյի տնօրեն Սյու Կանոհոն:
Քանի որ նշված ֆիլմերը լայն ճանաչում են գտել ողջ աշխարհում, կղզին զբոսաշրջիկների է սպասում ոչ միայն ԱՄՆ-ից:
Կղզին դարձել է իսկական հոլիվուդյան վետերան. այստեղ նկարահանվել են ավելի քան 60 ֆիլմ, այդ թվում` «Վեց օր, յոթ գիշեր», «Ավատար» և այլն:
Կաուայի երկրորդ անվանումը` Պարտեզների կղզին, օգնում է բացատրել նրա գրավչությունը և կինոմատոգրաֆիայում ներգրավվածությունը: Նրա հարուստ բուսականությոնը և կիլոմետրերով ձգվող ավազոտ ափերը նրան դարձնում են բացառիկ կինոգենիկ:
Զբոսաշրջիկները այստեղ կգտնեն նաև շատ հետաքրքիր վայրեր: Տեսարժան վայրերից հատկապես հայտնի են`Նապալի ափը (Napali), Վաիմեա կիրճը (Waimea Canyon) և այլն: