TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը հարցում է անցկացրել ճանապարհորդների շրջանում և պարզել, թե որոնք են աշխարհի լավագույն լողափերը։ Ինչպես հայտնում է The Daily Mail-ը՝ առաջին տեղը բաժին է ընկել Grace Bay լողափին՝ փիրուզե ջրով և սպիտակ ավազով, որը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի Թերքս և Կայկոս արշիպելագի կղզիներում մեկում։
Երկրորդ տեղում հայտնվել է Բրազիլիայում գտնվող Baia do Sancho լողափը, որը կայքի օգտատերերից մեկն համեմատել է միրաժի հետ՝ դրանից բացվող հրաշալի տեսարանի համար։ Լավագույն եռյակը եզրափակում է Կուբայի Playa Paraiso լողափը։ Վարկանիշային աղյուսակի թոփ-10-ում հայտնվել են նաև Anse Lazio (Սեյշելյան կղզիներ), Cayo de Agua (Վենեսուելա), Flamenco Beach (Պուերտո Ռիկո), Playa de Ses Illetes (Իսպանիա), Ngapali Beach (Մյանմա), West Bay Beach (Հոնդուրաս) և Nacpan Beach (Ֆիլիպիններ) լողափերը։
Ծառայությունը նաև կազմել է աշխարհի տարբեր տարածաշրջանների լավագույն լողափերի վարկանիշային աղյուսակը։ Այդպիսով, Եվրոպայում լավագույնն է ճանաչվել Playa de Ses Illetes-ը (Իսպանիա), Աֆրիկայում՝ Anse Lazio-ն (Սեյշելյան կղզիներ), իսկ Ասիայում՝ Ngapali Beach-ը (Մյանմա)։ Նշվում է, որ վարկանիշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել վերջին 12 ամիսների ընթացքում TripAdvisor կայքում Տեղ գտած կարծիքների քանակն ու որակը։