Ֆիջիի կառավարությունը հանրապետության պատմության մեջ առաջին անգամ խաղատուն բացելու արտոնագիր է տվել: Այն ստացել է ամերիկյան One Hundred Sands Limited ընկերությունը, որը կներդնի 290 միլիոն դոլար Դենարաու կղզում (Denarau) խաղասրահով առողջարանային հյուրանոցի շինարարության համար:
Շինարարության առաջին փուլում նախատեսվում է 190 հյուրանոցային համարների և 3 ռեստորանների ստեղծումը: Հետո կստեղծվեն հավելյալ համարներ, գիշերային ակումբ, նիստերի սրահ և խաղատուն` 500 խաղային ավտոմատներով և 54 սեղաններով, այս մասին հայտնում է TurboNews-ը:
Ակնկալվում է, որ նոր առողջարանային կենտրոնը տեղացի բնակիչների համար կբացի 800 աշխատատեղ: Հյուրանոցի և նիստերի սրահի բացումը ծրագրվում է 2012 թվականի մարտին: