TripAdvisor զբոսաշրջային ծառայությունը կազմել է առավել շատ գրպանագողեր ունեցող քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ինչպես հաղորդում է Lenta-ն՝ հղում կատարելով Blog di Lifestyle-ին, առաջին տեղը բաժին է հասել Բարսելոնային։
Նշվում է, որ այս իսպանական քաղաքում ամեն օր տեղի է ունենում ավելի քան 300 գողություն։ Առավել հաճախ գողերը դարանակալում են Կաֆեդրալի հրապարակում, Ռամբլա փողոցում, Բոկերիա շուկայում։
Ցանկի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Փարիզը։ Ֆրանսիական մայրաքաղաքում առավել հաճախ գողություններ են կատարվում Մոնմարտրում Սակրե Կերի բազիլիկ տաճարի, Էյֆելյան աշտարակի մոտ և մետրոյում։
Երրորդ տեղում հայտնված Մադրիդում գործել է չորս կանանցից բաղկացած «բոսնիական կլանը», ովքեր թալանել են հազարավոր զբոսաշրջիկների և մետրոյի ուղևորների։ Ինչպես նշում է The Daily Mail-ը՝ իսպանական մայրաքաղաքի ամենավտանգավոր վայրերն են մետրոն, Պլասա Մայորը և Սիբելես հրապարակը։
Չորրորդ տեղում հայտնված Պրահայում գրպանահատները առավել հաճախ գործում են Կարլովի կամրջին, Հին Քաղաքի և Վացլավյան հրապարակում։
Քաղաքների հնգյակը եզրափակում է Հռոմը։ Իտալական մայրաքաղաքում գողերից պետք է զգուշանալ Իսպանական աստիճանների և Կոլիզեյի մոտ։ Դրամապանակին հրաժեշտ տալու հավանականությունը մեծ է նաև Վատիկանում։