Հոկտեմբերի 31-ին Եգիպտոսում Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության օդանավի կործանումից հետո հայերը սկսել են հրաժարվել Եգիպտոսում հանգստանալու մտադրությունից։ Այս մասին News.am-ին տեղեկացրել են հայկական մի շարք տուրիստական գործակալություններ:
Գործակալությունների ներկայացուցիչների խոսքով, շատ քաղաքացիներ, որոնք Նոր Տարվա համար դեպի Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ եւ Հուրգադա քաղաքներում հանգստանալու համար տուրիստական փաթեթներ էին վերցրել, վերջին 2 օրերի ընթացքում սկսել են հրաժարվել դրանցից, ինչի պատճառով ավիաընկերությունների ու Եգիպտոսում հյուրանոցների հետ կապված մի շարք անհարմարություններ են առաջացել `չհաշված ֆինանսական տույժերը։
Մեզ հետ զրույցում տուրիստական գործակալությունների մեծ մասի ներկայացուցիչները նշեցին, որ հայ զբոսաշրջիկները Եգիպտոսում հանգստանալու փաթեթները հիմնականում փոխարինում են դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ փաթեթներով:
Հիշեցնենք, որ Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ընկերության (MetroJet) Airbus-321 օդանավը Եգիպտոսից դուրս է եկել Երեւանի ժամանակով ժամը 07։51-ին եւ թռիչքից 23 րոպե անց անհետացել ռադարների էկրաններից։ Օդանավում եղել է 217 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։
Դեպքից հետո Մեծ Բրիտանիան եւ Նիդեռլանդները ժամանակավորապես դադարեցրել են չվերթները Շարմ էլ Շեյխ և սկսել իրենց քաղաքացիների տարհանումը եգիպտական հանգստավայրերից` մտավախությամբ, որ А321-ի աղետի պատճառը կարող է ահաբեկչությունը լինել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանական Lufthansa, ֆրանսիական Air France, արաբական Emirates, թուրքական Turkish Airlines ավիաընկերությունները հայտարարել էին, որ որոշել են ժամանակավորապես դադարեցնել թռիչքները Եգիպտոսի Սինայի թերակղզու վրայով: Աղբյուրը` News.am