Լատվիական ավիաընկերությունները դադաարեցնում են թռիչքները դեպի Եգիպտոս
Լատվիայի պետական ավիաընկերությունը՝ airBaltic-ը, անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցնում է չվերթները դեպի Եգիպտոսի հանգստավայր Շարմ էլ Շեյխ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ընկերության ներկայացուցիչներին։
Հաղորդվում է, որ Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկների համար հյուրանոց կտրամադրվի մինչեւ հետադարձ թռիչքները կազմակերպելը։ Tez Tour-ըտ սպասում է պատասխանատու հաստատությունների կողմից թռիչքների թույլտվություն ստանալուն, որպեսզի այս պահին Եգիպտոսում գտնվող զբոսաշրջիկներին տեղափոխի Լատվիա։
Ռուսաստանը պաշտոնապես արգելել է դեպի Եգիպտոս չվերթները
Ռոսավիացիան Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից հրաման է ստացել դեպի Եգիպտոս չվերթները դադարեցնելու մասին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ռոսավիացիան Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունից հրաման է ստացել դեպի Եգիպտոս չվերթները դադարեցնելու մասին՝ մինչեւ հատուկ հրահանգ ստանալը: «Մինչեւ հատուկ հրահանգ ստանալը» նշանակում է մինչեւ այն պահը, երբ կվերացվեն Եգիպտոսի օդանավակայաններում ավիացիոն անվտանգության ապահովման հարցով բոլոր դիտողությունները, մինչեւ դրանք կհամապատասխանեն միջազգային պահանջներին»,- հաղորդել է գործակալության աղբյուրը:
Խառաշփոթ Վնուկովո օդանավակայանում
Դեպի Եգիպտոս «Աէրոֆլոտ» ընկերության երեկոյան չվերթն առանց ուղեւորների է իրականացվել: Ընկերության տեղեկացմամբ, ինքնաթիռը կվերադարձնի այդ երկրում հանգիստն անցկացնող զբոսաշրջիկներին:
«Կոգալիմավիա»-ն նույնպես հայտարարել է դեպի Եգիպտոսի օդանավակայակնների չվերթները ժամանակավորապես դադարեցնելու մասին: «Արգելքը չի վերաբերվում ուղեւորներին վերադարձնելու նպատակով դեպի Եգիպտոս չվերթներին»,- նշել են ավիաընկերությունում: Առաջիկայում ստիպված կլինեն նույն սխեմայով աշխատել նաեւ այլ ավիաընկերություններ:
LifeNews-ի հաղորդմամբ, Մոսկվայի Վնուկովո օդանավակայանի մեկնումների գոտում հրմշտոց է սկսվել: Օդանավակայանի ղեկավարությունն անվտանգության լրացուցիչ ուժեր է ներգրավել:
Չեղյալ հայտարարված չվերթների ուղևորները, իսկ դրանք արդեն շուրջ 1.5 հազար են, գրանցումը չեղարկելու՝ սահմանային կնիքի չեղարկման գործընթաց են անցնում:
Սթրեսի պատճառով բազմաթիվ ուղեւորներ բուժօգնության կարիք են ունեցել: Օդանավակայան շտապօգնության 5 բրիգադ է ուղարկվել:
Թռիչքների ուղղության փոփոխություններ
Բրիտանական երեք ավիաընկերությունների պատկանող մի քանի օդանավեր, որոնք ուղեւորվում էին Շարմ էլ-Շեյխ՝ զբոսաշրջիկներին տարհանելու, ստիպված են եղել ճանապարհի կեսից փոխել ուղին: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը:
Խոսքը Thomas Cook, EasyJet եւ Monarch Airlines ավիաընկերությունների օդանավերի մասին է: Ուղղությունը փոխած ինքնաթիռների հստակ թիվը հայտնի չէ, քանի որ իրավիճակը մշտապես փոխվում է:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ուղղությունը փոխած մի քանի օդանավեր Կիպրոս են ուղևորվում:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան և Նիդերլանդները ևս դադարեցրել էին եգիպտական Շարմ էլ-Շեյխի հետ ավիահաղորդակցությունը՝ ռուսական օդանավի կործանումից հետո անվտանգության առիթով մտահոգությունների պատճառով: