Ինչպես Սարգիս եղբայրները կառուցեցին Սինգապուրի լեգենդար Raffles հյուրանոցը

Raffles հյուրանոցը Առյուծային քաղաքի կենդանի լեգենդն է, հին թաղամասի ու նրա գաղութային անցյալի սիրտը։ Ճերմակ ճակատամասը՝ առջևում կայանված լոնդոնյան քեբերով և  հնդիկ դռնապանով, արդեն երկու հարյուրամյակ համարվում է Սինգապուրի այցեքարտը։ 1987 թվականին՝ իր հարյուրամյակին, Raffles Hotel-ը պաշտոնապես ճանաչվել է պետական նշանակության պատմական հուշարձան։

Հյուրանոցային բիզնեսում լեգենդար համարվող Raffles անվան հետևում կանգնած են սինգապուրյան հայերը՝ Սարգիս եղբայրները։ Իր հիմնադրումից քիչ ժամանակ անց հյուրանոցը դարձել է ամենահաջող հայկական ձեռնարկությունը Հարավարևելյան Ասիայում։ Ըստ շատ այցելուների կարծիքների՝ հյուրանոցը  միաժամանակ պարունակել է ինչպես արևելքի էկզոտիկան, այնպես էլ՝ հին Անգլիայի ոգին։

Sarkies

1887 թվականին եղբայրներ Տիգրան, Մարտին, Ավետ և Արշակ Սարգիսները Սինգապուր կղզում հիմնադրում են  Raffles հյուրանոցը՝ այն անվանելով ի պատիվ գաղութի հիմնադիր Թոմաս Ստեմֆորդ Ռաֆֆլսի պատվին։ Նրանք բացում են  10 համարներով գաղութային բունգալո Բիչ Ռոադ (Beach Road) և Բրաս Բասահ Ռոադ (Bras Basah Road) փողոցների խաչմերուկում։ Ինչպես պարզ է դարձել վերջերս հյուրանոցի շինությանը վերաբերվող պատմական փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում՝ շինության տեղն ու շենքը պատկանել են այդ ժամանակ հայտնի արաբ առևտրականի՝ Սայեդ Մուհամեդ Ալսագոֆին։ Հյուրանոցի բացումը տեղի է ունեցել 1887 թվականի դեկտեմբերի 1-ին և նվիրված  եղել Մեծ Բրիտանիայի թագուհու ծննդյան տարեդարձին։

Երկու տարի անց ընկերությունը հայտարարում է հին շենքին երկու նոր թևերի շինարարության մասին, որոնց ճակատամասը բացվելու էր դեպի ծովը։ Եվս մեկ տարի անց հյուրանոցին կից բացվում է բիլիարդի սրահ, հյուրերի համար կազմակերպվում առաջին անվճար բանկետը՝ երաժշտական ուղեկցությամբ։

Raffles Hotel

1899-ին կենտրոնական շենքը փոխարինվում է նոր եռհարկանիով՝ վերածննդյան ոճով։

500 մարդու համար նախատեսված ճաշասրահը ունեցել է  ապակե տանիք և մարմարե հատակ։ Լայն վերանդան շրջապատել է շենքը պարագծով՝ պաշտպանելով համարները շոգից և արևադարձային հորդառատ անձրևներից։ Այդ ժամանակ հյուրանոցն արդեն ուներ  100 համար, իսկ արդեն շուտով այն դառնում է Նեղուցի առաջին հյուրանոցը էլեկտրական լուսավորությամբ, որն արտադրում էր ավտոմատ գեներատորը։ Տասը հազար լիտր ծավալով բաքը ապահովում էր այցելուներին թարմ խմելու ջրով։

1900  թվականին խոհանոցում աշխատում էին երկու փորձառու ֆրանսիացի խոհարար և հատուկ խոհարար տեղի էկզոտիկ խոհանոցի համար։ Առաջիկա երեք տասնամյակում տեղական մամուլը հիացմունքով ըմբոխշնել և նկարագրել է ճաշացանկը։

Իր գործունեության ամենասկզբից «Sarkies Brothers» ընկերությունը ադմինիստրատիվ աշխատանքի համար աշխատանքի է ընդունել բացառապես հայերի։ Կառավարչի առաջին օգնականներից մեկը եղել է Գրեգորի Նահապետը, ում հաջորդել են մի շարք այլ երիտասարդներ։

Raffles հյուրանոցը ծաղկել և բարգավաճել է տարին տարվա վրա։ Դրան չի խանգարել անգամ առաջին համաշխարհային պատերազմը։ Արդեն 1919 թվականին հյուրանոցը առաջինը Արևելքում ներկայացրել է հանրությանը երաժշտական նորաձևության վերջին ճիչը՝  արտասահմանյան ջազ  «American Boys’ Jazz Band» նվագախմբի կատարմամ։  Նոր երաժշտությունը հյուրերի սրտով էր, և հյուրանոցը մշտական աշխատանքի է ընունում ամերիկացի ջազային դաշնակահար Հարրի Լևինին։

Շուտով Սարգիս եղբայրների մոտ սկսվում են ֆինանսական խնդիրներ,  և նրանց ընկերությունը ճանաչվում է սննկացած։

Հյուրանոցի կառավարումը փոխանցվում է նորաստեղծ  «Raffles Hotel Ltd» կոնսորցիումին, որը կառավարիչ է նշանակում Թեդդի Թրոլլերին։

Ինչպես երևում է  «Beach Road» փողոցից՝  Raffles հյուրանոցի շենքը շրջապատված է փարթամ բուսականությամբ։ Հյուրանոցի առջև աճում են արմավենիներ, որոնք հանդիսանում են  ինչպես հյուրանոցի, այնպես էլ՝ Սինգապուրի խորհրդանիշը։ Նրա շուրջ գտնվող հնագույն այգին՝ փոքրիկ, հարմարավետ և խաղաղ բակերով, շատրվանով և արևադարձային ծաղիկներով, ստեղծում է լռության  և հանգստության  զգացողություն Ասիայի ամենաակտիվ և գործարար քաղաքներից մեկի հենց կենտրոնում։

1989 թվականին հյուրանոցը փակվել և լայնամասշտաբ  վերանորոգման է ենթարկվել՝ ավելի քան $ 160 միլիոն դոլար արժողությամբ։ Հյուրանոցը կրկին բացվել է  1991 թվականի սեպտեմբերի 16-ին այն բանից հետո, երբ պատմական շենքը վերականգնել է իր նախկին տեսքը, որն ուներ  1915 թվականին՝ իր ծաղկման շրջանում։

Այսօր «Raffles» նշանը  միավորում է շուրջ քառասուն էլիտար հյուրանոցներ ամբողջ աշխարհում։ Այստեղ կան 10 անվանական համարներ, որտեղ կանգ են առել այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են՝ Ժոզեֆ Կոնրադը, Սոմերսեթ Մոեմը, Ռեդյարդ Կիպլինգը, Ավա Գարդները, Նոել Կոուարդը, Ջին Հարլոուն, Չարլի Չապլինը, Էլիզաբեթ Թեյլորը, Մայքլ Ջեքսոնը, արքայազն Չարլզը և այլոք։

2005 թվականի ամռանըմեկ  միլիարդ դոլարի  գործարքի արդյունքում սինգապուրյան  «Raffles»-ը և հոլդինգի մյուս հյուրանոցները ձեռք է բերել լոսանջելեսյան  «Colony Capital»-ը, որին են պատկանում մի շարք հյուրանոցներ և խաղատներ Եվրոպայում և ԱՄՆ-ում, այդ թվում՝   Լաս Վեգասի «Hilton»-ը։ Գործարքը ստորագրելիս գնորդը հանձն է առել պահպանել լեգենդար սինգապուրյան հյուրանոցի պատմական տեսքը։

You might also like