3D-տպիչները արդեն վաղուց կիրառվում են ճարտարապետությունում, ինչպես նախագծման փուլում, այնպես էլ՝ շենքի կառուցման գործընթացում։ Սակայն Նիդեռլանդների ճարտարապետները պատրաստվում են առաջ անցնել և «տպել» կամուրջ Ամստերդամի ջրանցքի վրայով․ հայտնում է Computerra-ն։
3D-տպիչով նախագիծը կազմակերպվել է միանգամից երեք ընկերությունների՝ Heijmans դեվելոփերի, JorisLaarman առաջատար տեխնոլոգիաների լաբորատորիայի և 3D-տպիչներ արտադրող MX3D ընկերության կողմից։
Պողպատե հետիոտնային կամուրջը, որը կանցնի Նիդեռլանդների մայրաքաղաքի ջրանցքներից մեկի վրայով, կկառուցվի ազատության վեց աստիճանով MX3D Metal ռոբոտացված ձեռքի օգնությամբ։ Փաստացի, նման ռոբոտը կառավարում է եռակցումը կատարող և շարունակաբար մետաղ մատակարարող սարքը։ Այդպիսով, կամուրջը կկառուցվի փոքրիկ հալված մետաղի կաթիլներից՝ միացված զոդման կարով։
Այս կոնստրուկցիան ունի մեծ ճկունություն, որը ավելի մեծ է, քան թիթեղային մետաղի դեպքում։ Կամուրջի բարակ «թելային հյուսվածքները» լավ դիմանում են ծանրությանը, և նվազեցնում քամու ազդեցությունը։ Ապագա շինության վայրը դեռևս գաղտնի է պահվում։ Կամուրջի մշակողներից մեկը՝ Յորիս Լաարմանը, նշում է, որ նախագիծը ապագայի տեխնոլոգիաների և պատմական անցյալի միաձուլման փոխաբերություն կդառնա։