Նելսոն Մանդելայի ամառանոցային տունը հասանելի է դարձել հանգստացողներին վարձակալության համար․ հայտնում է The Daily Mail-ը։ ՀԱՀ-ի նախկին նախագահի վիլլան, որը գտնվում է Յոհանեսբուրգից հյուսիս և Բոտսվանայի սահմանին մոտ, կտրվի զբոսաշրջիկներին օրական 5,8 հազարից 7,1 հազար դոլար արժեքով՝ կախված սեզոնից։
Տանը, որը գտնվում է Shambala Private Game Reserve արգելոցում, կա վեց ննջասենյակ և դեպի լճակ բացվող տեսարանով լողավազան։ Վարձակալության արժեքի մեջ է մտնում անհատական սաֆարի տուրը, որը հնարավորություն կտա ուսումնասիրել աֆրիկյան բուսական և կենդանական աշխարհը։ Գինը նաև ներառում է անձնական սպասավորի ծառայությունը։
Երկհարկանի շենքը կառուցվել է 2001 թվականին։ Այնտեղ հանգստացել են ինչպես Մանդելան ընտանիքի հետ, այնպես էլ՝ նրա հայտնի հյուրերը, որոնց թվում են Բիլլ Քլինթոնը և Օփրա Ուինֆրին։ 2013 թվականի վերջից՝ Մանդելայի մահից անմիջապես հետո, վիլլան փակվել է և այնտեղ ոչ ոք չի բնակվել․ հայտնում է Lenta-ն։ Սակայն 2015 թվականի ապրիլի 27-ից (ՀԱՀ-ի անկախության օրը) տունը կրկին բացվել է՝ հասանելի դառնալով ունևոր զբոսաշրջիկներին։
Նելսոն Մանդելան Հարավաֆրիկյան Հանրապետության ութերորդ նախագահն է և առաջին սևամորթ առաջնորդը երկրի պատմության մեջ։ ՀԱՀ-ը կառավարել է 1994 թվականի մայիսի 10-ից 1999 թվականի հունիսի 14-ը։ 1993 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին 95 տարեկան հասակում։