Ճանապարհորդությունը շատերի համար վաղուց դադարել է ինքնանպատակ լինել։ Ճանապարհորդության մասին (հատկապես, եթե այն հեռու և էկզոտիկ է) այսօր կարելի է հայտնել հնարավորինս շատ ծանոթ և անծանոթ մարդկանց՝ շնորհիվ սոցցանցերում կատարված գրառումների, ամենօրյա լուսանկարների և, իհարկե, հարազատների համար տվյալ երկրից բերված հուշանվերների։
Ի՞նչ տանել
Ամեն երկիր ունի առավել հայտնի իրերի իր վարկանիշային աղյուսակը, որոնք սիրում են օտարերկրացիները։ Առաջարկում ենք ձեզ ծանոթանալ կարճ ցանկին։
Այսպիսով, ի՞նչ են առավել հաճախ գնում այս երկրներից։
- Իտալիա. պանիր, վենետիկյան դիմակներ, Մուրանոյի ապակի, կրոնական պաշտամունքի իրեր Վատիկանից (խաչեր, թրմանոթներ, մատանիներ)։
- Եգիպտոս․ պապիրուս, կարկադե թեյ, բուրգերի և աստվածների քարե արձանիկներ, նարգիլե, համեմունքներ։
- Թայլանդ․ փղերի արձանիկներ, կոկոսի յուղով կոսմետիկ միջոցներ:
- Նիդեռլանդներ․ փայտե կոշիկներ, ջին, պանիր, ճենապակի, ինչպես նաև՝ հուշանվերներ կակաչի և հողմապտույտի պատկերներով։
- Չինաստան․ թեյ, մետաքս, ճենապակի, նեֆրիտից և բամբուկից կախազարդեր, հովհար։
- Բուլղարիա․ վարդագույն յուղ, մեղր, կոսմետիկ միջոցներ, օղի-կոնյակ, խխունջից զարդեր, թելից թալիսման մարդուկներ։
- Հարավային Ամերիկա․ մատե թեյի համար կալաբասներ, մատե թեյ, սոմբրերո, պանչո, դիմակներ, ծխամորճեր։
- Իսրայել․ Մեռյալ ծովի նյութերով պատրաստված կոսմետիկ միջոցներ, մոմակալներ, թալիսմաններ Սուրբ երկրից, կերպարային մոմեր, «Դավիթի աստղեր»։
- Իսպանիա․ կաստանետներ, խամոն, հովհար, արհեստական մարգարիտ, խերես։
Իսկ թե ինչ են տանում օտարերկրացիները Հայաստանից՝ որպես հուշանվեր, առաջարկում ենք ծանոթանալ «Մի կտոր՝ Հայաստանից. Հայկական հուշանվերային շուկա» հոդվածից։
Իհարկե, սա ընդամենը այն քիչ երկրների ցանկն է, որտեղ կարելի է այցելել, և իրերի, որոնք դուք կարող եք բերել ձեր հարազատների համար։ Բայց արդոք այս բոլոր իրերը արժի բերել արտերկրից։ Արդյոք դրանք չեն դառնա անպետք իրեր ձեր հայրենիքում․ ինչպե՞ս խուսափել այդ ամենից։
Ի՞նչ պետք չէ բերել
Փաստորեն, կա նաև անպետքական նվերների վարկանիշային աղյուսակ, որոնք մարդիկ ընդունում են ձեզնից նվեր, իսկ հետո, վստահեցնում ենք ձեզ, դժվարությամբ փորձում են «խցկել» իրենց ինտերիեր կամ գտնել օգտագործման որևէ ձև։ Վիճակագրության համաձայն՝ նման հուշանվերները հաճախ ձեռքից ձեռք են անցնում։
Այսպիսով, որ հուշանվերներ են դասվում դրանց շարքին։ Առաջին հերթին՝ անորոշ հուշանվերները, որոնք չեն համապատասխանում ոչ մի ինտերիերի․ բազմազան ծաղկամանները, արձանիկները, մոխրամանները։
Երկրորդը՝ վառ, կոլորիտային, բայց հսկայական իրերն են, որոնք պարզ չէ, թե որտեղ կարելի է տեղավորել․ մեքսիկական սոմբրերոները, փետուրավոր ճապոնական և իսպանական հովհարները, աֆրիկական վուվուզելները, գեղեցիկ, բայց մեծ չափի զենքերը։
Երրորդը պաշտամունքային և անհասկանալի իրերն են․ տարբեր սարսափելի դիմակներ, հարվածային գործիքներ, առեղծվածային կերպարներ, թալիսմաններ․ շատերը, ում դա նվիրում եք, վախենում են, որ դրանք ինչ-որ վատ էներգիա կարող են բերել իրենց տուն։
Եվ վերջապես, ոչ ոքի սովորաբար պետք չէ մանր-մունր իրեր, ինչպիսիք են՝ չինական փայտիկները, եգիպտական պապիրուսները, միանգամյա օգտագործման գրիչները և անհայտ որակի շապիկները։
Իհարկե, բոլորին գոհացնել հնարավոր չէ, այդ պատճառով հուշանվերները հաճախ «ընդհանրացված» բնույթ են կրում, թեև կարող են և ուրախացնել իրենց նոր սեփականատիրոջը։
Իսկ եթե ստացել կամ պատրաստվում եք նվիրել խոհարարական հուշանվերներ, ապա լավ կլինի կարդաք մեր անդրադարձը այդ թեմայի շուրջ։